«Եթե պարզվի չենք ուզում, կարող ենք դուրս գալ». Արա Աբրահամյանը՝ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին
Հայաստանն այսօր կատարել է իր ընտրությունն ու քայլերն ուղղել է դեպի Եվրասիական տնտեսական միություն և հոկտեմբերի 10-ին ստորագրել համապատասխան փաստաթուղթը, ինչի կապակցությամբ Ռուսաստանի հայերի միությունը հոկտեմբերի 16-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում կազմակերպելու է «Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության տնտեսական հեռանկարները» խորագրով համաժողով: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:
Ըստ նրա՝ համաժողովին հրավիրված են նաև ՀՀ-ում Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի դեսպանները: Աբրահամյանը թվարկեց ԵՏՄ ընձեռած հնարավորությունները՝ գյուղատնտեսության ոլորտի զարգացման, գյուղմթերքի արտահանման հեռանկարները, ՌԴ-ից ՀՀ ուղարկվող տրանսֆերտները, մի քանի անգամ շեշտեց, որ ՌԴ-ում 2.5 մլն հայ է աշխատում, և այլն:
«Ամեն մեկն իր ընտրությունն է անում: Եթե պարզվի չենք ուզում, կարող ենք դուրս գալ: Մենք գնում ենք այնտեղ, որտեղ մեզ արդյունավետ է: Եթե ԵՄ-ն առաջարկի ավելի լավ պայմաններ, ասեն՝ թող ոչ մեկը չաշխատի, մենք փողը ուղարկենք, դուրս կգանք, կգնանք ԵՄ: Պետք է նստենք, հանգիստ քննարկենք, տեսնենք, որտեղ ենք սխալվել, բաթողում ունենք, թե չէ: Եթե կա, լրացնենք բացթողումը: Եթե մեր կառավարությունը հստակ աշխատի սփյուռքի հետ միասին, լավ պատմական հնարավորություն ունենք 10 քայլ առաջ գնալու»,- ասաց Ա.Աբրահամյանը:
Ըստ նրա՝ պատժամիջոցների հետ կապված ՌԴ-ն խնիրներ ունի, բայց ՀՀ-ն կարող է հազարավոր ՓՄՁ-ներ ստեղծել ու ապրանքը վաճառել այնտեղ. «Եթե նստենք, ոչինչ չի լինի: Մենք՝ հայերս, պետք է աշխատենք, մեր խնդիրները ուրիշ ոչ մեկը չի լուծի: Պետք է շատ ճկուն լինենք, բացատրենք ԵՄ-ին: Ինչպես այսօր նախագահը բացատրեց Նազարբաևին Ղարաբաղի խնդիրը, այդպես էլ մենք պետք է ԵՄ-ին բացատրենք»:
Աբրահամյանի կարծիքով՝ պատժամիջոցները ժամանակավոր բնույթ են կրում, Հայաստանի համար էլ բավականին մեծ դժվարություններ են ստեղծվում, ՌԴ-ում ապրող հայերի տնտեսական վիճակը վատանում է և քիչ են գումար ուղարկում. «Բայց Եվրասիական միությունը կարող է մեծ, ավելի մեծ օգնություն ցույց տալ, քան այս վնասը, որ կրում ենք»: