Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների գործով նախաքննությունն ավարտվել է
Մայիսի 17-ին Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ հնչած կրակոցների գործով նախաքննությունն ավարտվել է:
Այս մասին 168.am-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից՝ նշելով, որ նախաքննության ավարտը հայտարարվել է հոկտեմբերի 6-ին: Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել երեք անձի՝ Գոռ Առաքելյանին, Ներսես Մելքոնյանին, Վալերիկ Հովհաննիսյանին:
Գոռ Առաքելյանը մեղադրվում է սպանության փորձի, ապօրինի զենք-ռազմամթերք պահելու, դիտավորությամբ երկու և ավելի անձնանց առողջությանը ծանր, մեկ անձի առողջությանը՝ միջին ծանրության վնաս պատճառելու մեջ (ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 10-րդ կետեր, 235-րդ հոդվածի 1-ին մաս, 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ և 9-րդ կետեր, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետ):
Ներսես Մելքոնյանն ու Վալերիկ Հովհաննիսյանը մեղադրվում են խուլիգանության մեջ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդված: