Աղասի Ենոքյան. «Իշխանափոխության կոչերով փորձում են հանրահավաքին մասնակիցներ հավաքել»

Երեկ Վանաձորում տեղի ունեցավ ոչ իշխանական եռյակի հերթական հանրահավաքը: «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը հարթակից դարձյալ իշխանափոխության կոչեր հնչեցրին՝ ասելով, թե իրենց պահանջը ոչ թե քառյակի կողմից ՀՀ կառավարությանն ուղղված 12 պահանջների կատարումն ու սահմանադրական բարեփոխումներին գնահատական տալն է, այլ՝ իշխանափոխությունը: ԲՀԿ-ն, սակայն, պնդում է, որ իրենց օրակարգում հենց այդ 12 պահանջների կատարման ընթացքը գնահատելն ու սահմանադրական բարեփոխումներն են, որին իրենք դեմ են:

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում՝ գնահատելով եռյակի մարզային հանրահավաքները, ասել էր, թե այդ գործընթացը լուրջ է այնքանով, որ եռյակը փորձում է իր ուժերի «զորահանդես» անցկացնել: Հաշվի առնելով այն, որ մարզային հանրահավաքների ժամանակ եռյակի երկու ուժերի կողմից հնչում են հենց իշխանափոխության կոչեր, Ա. Ենոքյանից հետաքրքրվեցինք գուցե իսկապե՞ս եռյակը պատրաստվում է իշխանափոխություն իրականացնել և իր գնահատականը, մեղմ ասած՝ իրատեսական չէ։ Ի պատասխան՝ նա ասաց.

«Այստեղ կարևորն այն է, որ «Բարգավաճ Հայաստանը» չի խոսում իշխանափոխության մասին, որովհետև այսօր եռյակի հիմնական ուժը «Բարգավաճ Հայաստանն» է»: Ա. Ենոքյանը կարծում է, որ եռյակի երկու ուժերի կողմից իշխանափոխության մասին կոչեր հնչեցնելը մի կողմից` այդ գաղափարի փորձարկումն է հասարակության մեջ, մյուս կողմից` հանրահավաքի մասնակիցներ հավաքելը։

««Բարգավաճ Հայաստանն» ինքը չի ասում, բայց իր իսկ գործընկերներն են ասում, այսինքն՝ ինքն իշխանության հանդեպ պահելով իր լոյալությունը` մյուսներին թույլ է տալիս նման արտահայտություններ անել: Այսինքն՝ ԲՀԿ-ն դա ոչ թե այսօրվա խնդիր է համարում, այլ վաղվա: Մյուս կողմից, իհարկե, իշխանափոխության կոչերը բավականին լուրջ գործոն են հանրահավաքին մասնակիցներ հավաքելու համար»,- նշեց քաղաքագետը:

Կարդացեք նաև

Ա. Ենոքյանն իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ ԲՀԿ-ի նպատակը պաշտոններ վերցնելն է: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը բազմիցս հայտարարել է, որ իրենք պաշտոններ չեն ուզում. ուստի Ա. Ենոքյանից հետաքրքրվեցինք` արդյոք ինքը չի՞ հավատում Գ. Ծառուկյանի հավաստիացումներին:

«Գ.Ծառուկյանն իր համար չի ուզում պաշտոններ, այլ իր բարեկամների համար: Օրինակ, մարտ թե ապրիլ ամիսն էր՝ էլի հանրահավաքային սպառնալիքի տակ կամ այլ անունով հանրահավաքների միջոցով, փաստորեն, Գագիկ Ծառուկյանը կարողացավ հասնել նրան, որ վարչապետ նշանակվեց իր բարեկամը»,- պատասխանեց Ա. Ենոքյանը:

Հարցին՝ եթե դա է ԲՀԿ-ի նպատակը, ինչո՞ւ կոալիցիա չի կազմում ՀՀԿ-ի հետ՝ այն դեպքում, երբ ՀՀԿ-ն բազմիցս համագործակցելու կոչեր է արել, քաղաքագետն այսպես պատասխանեց.

«Մի կողմից, իհարկե, ՀՀԿ-ն կհամագործակցի, բայց պաշտոններով կկիսվի՞, թե՞ ոչ, դա հարցական է: Մյուս կողմից էլ՝ միգուցե ԲՀԿ-ն չի ուզում գնալ դրան, և փորձում է պահել իրեն հաջորդ իշխանության համար, որովհետև այս թեթև ընդդիմադիրի կեցվածքը ժամանակի ընթացքում նա կարող է ավելի խորացնել: Մենք հիմա տեսնում ենք՝ նա դա խորացնում է իր գործընկեր կուսակցությունների միջոցով (իշխանափոխության կոչեր հնչեցնելով): Մի կողմից` չհնչեցնելով այդ կոչերը՝ նա կարողանում է պահպանել իր բիզնեսները, իր ազդեցությունը, մյուս կողմից էլ՝ որոշակի սպառնալիքներով՝ նա կարողանում է իր ցանկացած հարցերը լուծել»:

Մեր այն դիտարկմանը, որ եթե ԲՀԿ-ի նպատակը պաշտոններ վերցնելն է, այդ դեպքում անհասկանալի են եռյակի մյուս ուժերի՝ «Ժառանգության» և ՀԱԿ-ի նպատակները, ստացվում է՝ նրանք պայքարում են ԲՀԿ-ի պաշտոններ ստանալո՞ւ համար, Ա. Ենոքյանը պատասխանեց, որ «Ժառանգության» և ՀԱԿ-ի նպատակը քաղաքականության մեջ մնալն է. «Այսինքն՝ հասնել մինչև մյուս ընտրություններ, մյուս ընտրություններում վերցնել իրենց 5 կամ 6 տոկոս ձայները, նման բաներ»:
Հարցին, թե իշխանափոխության կոչերն աննպատա՞կ են, իրականում եռյակը պատրաստ չէ՞ դրան, քաղաքագետն այսպես պատասխանեց.

«Իհարկե, պատրաստ չեն: Եթե հիշում եք, այն ժամանակ քառյակը պահանջեց վարչապետի փոփոխություն, երբ եկավ փոփոխության ժամանակը, պարզվեց, որ իրենք նույնիսկ վարչապետի թեկնածու չունեն, էլի Հանրապետականից թեկածու ընտրեցին»:

Տեսանյութեր

Լրահոս