Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների դեպքը տեսագրվե՞լ է. փաստաբանի պարզաբանումը (տեսանյութ)

«Առաջին իսկ պահից մենք այդ տեսախցիկների վերաբերյալ տեղեկություններ չունեցանք, և ներկայիս տեղեկությունների համաձայն՝ այդպիսի ձայնագրություններ չկան»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Վերնիսաժի մոտ մայիսի 17-ին հնչած կրակոցների գործով մեղադրյալ Գոռ Առաքելյանի պաշտպան Երեմ Սարգսյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին՝ արդյոք դեպքը տեսագրվե՞լ է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեպքի վայրի մոտ տեսախցիկ կա:

Անդրադառնալով գործով մյուս մեղադրյալ Վալերի Հովհաննիսյանի հարազատների այն հայտարարությանը, թե Գոռ Առաքելյանի հետ դեպքի վայրում այլ մարդ է եղել, ում անձը թաքցնում են, փաստաբանն ասաց. «Սա կոնկրետ նպատակ հետապնդող հայտարարություն է, որպեսզի ցույց տրվի՝ տեսե՛ք, Գոռ Առաքելյանի միայնակ չի եղել: Երկրորդ նպատակը նա է, որպեսզի ցույց տրվի, որ Վալերի Հովհաննիսյանն ընդհանարպես Գոռ Առաքելյանի հետ չի առնչվել, այլ առնչվել է բացարձակ այլ անձի հետ, հետևաբար՝ նա Գոռ Առաքելյանի նկատմամբ բռնություն չէր կարող գործադրել»:

Փաստաբանն ասաց նաև, որ վերջերս տպավորություն է ստեղծվում, որ հասարակական հնչեղություն ունեցող քրեական գործերով որոշումներ կայացնում են PR մենեջերները. «Իրենց առաջ կոնկրետ նպատակ ունեն ոչ թե գործն արդարացի լուծման տանել, այլ կոնկրետ այսպիսի գործերով դիվիդենտեներ շահել»:

Հիշեցնենք, որ ի պատասխան 168.am-ի հարցին՝ արդյոք դեպքի վայրում տեսախցիկներ հայտնաբերվե՞լ են, թե՞ ոչ, դրանք պարունակե՞լ են դեպքի տեսագրությունը, ոստիկանությունից հայտնել էին. «Հարցման մեջ նշված մյուս հարցերի վերաբերյալ տեղեկություններ չեն կարող տրամադրվել, քանի որ դրանք պարունակում են հրապարակման ոչ ենթակա նախաքննության տվյալներ»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս