Բաժիններ՝

«Մոսկվիչկա» սուպերմարկետները կաթնամթերք արտադրողներին պարտքեր ունեն. «Փողը չեն տալիս»

«Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցում վերջին շրջանում կաթնամթերքի զգալի սղություն է նկատվում: Արտադրող ընկերությունների ներկայացուցիչները 168.am-ին ասացին, որ ընկերությունը կամ ինքն է հրաժարվում ընդունել կաթնամթերք, կամ էլ պատճառաբանում է, թե թանկ է ու հրաժարվում է ապրանքն ընդունել:

«Մոսկվիչկա»-ի ղեկավարությունից հնարավոր չեղավ ճշտել իրավիճակն ու դրա պատճառները: Սակայն կաթնամթերք արտադրողների միության նախագահ, «Չանախ» ընկերության հիմնադիր-տնօրեն Ղուկաս Բունիաթյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ ընկերությունը խնդիրներ ունի ու մի շարք արտադրողներ իրենց ապրանքը չեն կարողանում իրացնել «Մոսկվիչկա» սուպերմարկետներում:

«Փողը չեն տալիս՝ ապրանք չենք տալիս: Արդեն երկար ժամանակ է, որ պարտքեր են կուտակել՝ մոտ 3-4 ամիս»,- ասաց նա:

Թե ինչն է խնդիրը, որ ընկերությունը պարտքեր է կուտակում, Ղ.Բունիաթյանը չկարողացավ ասել՝ արտադրողներին էլ որևէ պատճառաբանություն չի ներկայացվել. «Ասում են՝ չունենք, երբ կլինի, կտանք: Ինչ են արել՝ օգտագործել են իրենց անձնական կարիքների համար, պարտք են մնացել ու չեն տալիս»:

Կարդացեք նաև

Նա հայտնեց, որ խնդիրը միությունում չի քննարկվել, քանի որ արտադրողների կողմից չի բարձրացվել. «Անհատական մոտեցում կա: Մենք 4 ամիս ապրանք չէինք տվել, հիմա մի փոքր տալիս ենք: Սեպտեմբերին ենք տվել ու մինչև հոկտեմբերի 10-ը կտանք, կվերջացնենք: Եթե փողը չտան, կդադարեցնենք: Խոստացել են մինչև հոկտեմբերի 10-ը գումարի մի մասը տալ: Մեր ապրանքը վաճառվում է խանութում, փողոցում չի վաճառվում: Մենք ուզենք–չուզենք, ի վերջո, պայմանագիր ունենք կաթ հանձնողների հետ, պետք է իրացնենք: Կամ էլ նոր իրացման կետեր պետք է գտնենք, բայց դա դժվար է՝ սահամանփակ է Երևան քաղաքը»:

Ղ. Բունիաթյանը «անբարեխղճություն» որակեց «Մոսկվիչկա»-ի վարքը, սակայն հավելեց, որ արտադրողը նման դեպքերում ոչ մի ատյանի չի կարող դիմել, բացի դատարանից. «Բայց սովորաբար չեն դիմում, որովհետև եթե դիմեն, նշանակում է՝ ընդհատում են առհասարակ իրենց հետ կապերը: Նեղանում են, հետագայում եթե վիճակը լավացավ՝ էլ քեզնից ապրանք չեն վերցնի: Փակուղու մեջ են արտադրողները: Մենք կախման մեջ ենք առևտրի կետերից: Եթե կաթը հանձնում են, փողը չենք տալիս, էլի կախման մեջ ենք, եթե ապրանքը տալիս ենք, խանութները փողը չեն տալիս, էլի կախման մեջ ենք: Այնպես որ արտադրողները շատ անպաշտպան են, թույլ օղակն են»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս