Կառավարությունը քննարկել է ԱԺ պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունները
Կառավարությունը քննարկել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նրա հիմնավորմամբ օրինագծի ընդունումը թելադրված է ՀՀ սահմանադրական դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումն իրացնելու անհրաժեշտությամբ: Կառավարությունը նույնպես արել է մի քանի առաջարկ, որոնք ընդունելու դեպքում ընդունելի կհամարի օրենքի նախագիծը:
Նիստում քննարկվել է «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ: Նրանք առաջարկում են հստակեցնել և սահմանել լրացուցիչ աշխատավարձ, հավելում, հավելավճար, լրավճար և պարգևատրում հասկացությունները: ՀՀ կառավարությունը, չառարկելով նախագծի ընդունմանը, նախագծի հեղինակներին առաջարկել է առայժմ ձեռնպահ մնալ օրենքի նախագծի քննարկումից և դրան անդրադառնալ առաջիկայում իր օրենսդրական նախաձեռնությամբ Ազգային ժողով ներկայացվելիք նախագծի քննարկման ժամանակ՝ դրանք միավորելով համատեղ, մեկ միասնական տարբերակում:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով: