Սարգիս Ասատրյան. Իմ դեմ հարուցված քրեական գործը 100% շինծու է ու հորինված, և պատվիրատուները հայտնի են

Դեռևս անցյալ տարի Մոսկվայում ձերբակալվել էր Մոսկվայի հայ համայնքի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սարգիս Ասատրյանը, ով ժամանակին «Հայաստանի երիտասարդական կուսակցության» նախագահն էր: Նրան ձերբակալել էին առանձնակի խոշոր չափերի թմրանյութ պահելու կասկածանքով: Սարգիս Ասատրյանի ընտանիքի անդամները ձերբակալությունից մեկ շաբաթ անց էին իմացել կատարվածի մասին, երբ տանը խուզարկություն էր իրականացվել, և նրա տանը նաև հսկայական քանակի թանկարժեք իրեր էին հայտնաբերվել: Ս. Ասատրյանը գտնվում է Մոսկվայի «Բուտիրսկայա» բանտում: «168 Ժամը» Սարգիս Ասատրյանի հետ նրա նախկին փաստաբան Սերգեյ Կշնյայկինի միջոցով հարցազրույց է անցկացրել, որը ներկայացնում ենք ստորև:

Ի դեպ, Ս. Ասատրյանը մեզ հետ հարցուպատասխանի ընթացքում նշել է, որ պատրաստվում է դիմել ՀՀ Արդարադատության նախարարություն՝ իրեն Հայաստան տեղափոխելու խնդրանքով:

– Արդեն մեկ տարի և երեք ամիս Դուք գտնվում եք մոսկովյան բանտերում՝ թմրադեղերի անօրինական շրջանառության մեդադրանքով։ Ի՞նչ է իրականում տեղի ունեցել:

– Իմ դեմ հարուցված, այսպես ասած, քրեական գործը 100% շինծու է ու հորինված, կառուցված արագ ու փնթի գրված փոքրիկ հեքիաթներից, նույնիսկ կարծում եմ, որ իրավաբանականի առաջին կուրսի ուսանողն ավելի համոզիչ կկազմեր այս շինծու գործը, քան կաշառված աննամուս մոսկովյան ուժայինները։ Իմ անձի նկատմամբ հետապնդման խեղկատակությունն ունի ընդամենը մեկ նպատակ` մեկուսացնել ինձ շատ լուրջ գործընթացներից, որոնց հիմքում գտնվում են մեծ գումարներ և լուրջ բիզնեսին տիրանալու հեռանկարներ։

Կարդացեք նաև

– Այսինքն՝ կարծում եք, որ Ձեր դեմ պատվիրված է այս ամենը: Եթե այո՝ Դուք գիտե՞ք, թե ո՞վ է պատվիրատուՆ ձեր ձերբակալման ու մեղադրման։

– Իհարկե, պատվիրատուներն այսօր մեծ ազդեցության տեր մարդիկ են դեռ, հետագայում, համոզված եմ, որ այդ ստահակներն օրենքի առաջ պատասխան են տալու, իսկ կատարողները մի խումբ բարձրաստիճան մոսկովյան ոստիկաններ են, ավելացնեմ, որ իրենք ոչ միայն սրիկայաբար կատարեցին իրենց տրված պատվերը, այլև նաև կատարեցին պրիմիտիվ թալան իմ բնակարանից և կողոպտեցին իմ սեյֆից խոշոր չափի գումար, զարդեր ու թանկարժեք ժամացույցներ։ Այդպիսով, ոչ միայն մեկուսացրեցին ինձ իմ օրինական գործունեությունից, այլ նաև սնանկացրեցին ինձ և իմ ընտանիքին։ Բայց դա ամենակարևորը չէ, ավելի կարևոր է այն, որ իրենք վարկաբեկեցին իմ անունը ու ցավ պատճառեցին իմ հարազատներին ու ինձ մտերիմ մարդկանց։

– Դուք մեկ տարի և երեք ամսվա ընթացքում երևի հնարավորություն ունեիք դիմել հանրությանը ԶԼՄ-ների միջոցով, ինչո՞ւ մինչև հիմա չէիք օգտվում այդ հնարավորությունից:

– Իմ ձերբակալման օրվանից (21 հունիսի, 2013 թվական) մի շարք, այսպես ասած, «լավամարդ» ներկայացող անձինք իմ պաշտպանների ու հարազատների միջոցով խորհուրդ էին տալիս սպասել, աղմուկ չհանել, իբր թե ՌԴ առաջին դեմքերի միջոցով իմ հարցը բարենպաստ կլուծվի, ինձ ազատ կարձակեն և կփոխհատուցեն բոլոր իմ կողմից կրած կորուստները և մեղավորներին կպատժեն։ Այդ «լավամարդ» անձանց միտումնավոր ապակողմնորոշիչ փաստարկների պատճառով ես մինչ այսօր լռում էի։ Ներկայումս ես բոլոր պատվիրատուների ու կատարողների անունները և տվյալները փոխանցել եմ վստահելի ձեռքերին։

– Ինչպե՞ս եք Դուք Ձեզ զգում, Ձեր կյանքին վտանգ սպառնո՞ւմ է:

– Ես երբեք չեմ ապրել քրեական կյանքով, եղել եմ և կամ օրինապաշտ, հայրենասեր, Հայաստան աշխարհով ապրող ու ցավող քաղաքացի, բնականաբար, քրեական տարրերով լեցուն բանտում իմ աշխարհայացքը չի փոխվել, այլ ավելին, այստեղ` բանտում, ես բարձր եմ պահում հայ մարդու անունը և պատիվը ու ապրում եմ հույսով, որ արդարությունը կհաղթի իմ պարագայում։ Չկա մի պահ, երբ ես մտահոգ չլինեմ իմ հարազատների ու մտերիմների համար, որոնք առանց ինձ անօգնական են, և, ցավոք սրտի, չեմ կարող օգտակար լինել նրանց։

Ինչ վերաբերում է կյանքիս սպառնացող վտանգին, ես տեղյակ եմ պահում ձեզ, որ որոշ անձանց համար մահացած Սարգիս Ասատրյանն ավելի նախընտրելի է պայքարող բանիմաց Սարգիս Ասատրյանից։ Ես արդեն երկու դիմում-նամակ եմ գրել ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանին՝ անձամբ ինձ հետ կապված գործընթացները վերահսկելու խնդրանքով, դեռ սպասում ես պատասխանին։

– Ինչպե՞ս է ներկայումս Ձեր առողջական վիճակը, տեղեկություններ կային, որ առողջական խնդիրներ եք ունեցել։

– Իմ առողջական վիճակի սրացման պատճառով 2014 թվականի փետրվար-մարտ ամիսներին ինձ ուղարկեցին Կենտրոնական բանտային հիվանդանոց և հայտնաբերեցին մի շարք հիվանդություններ, այդ թվում` երկրորդ աստիճանի շաքարախտ, սրտային անբավարարություն, և այլն, և այլն։ Այսօր բանտում ես ստանում եմ անհրաժեշտ դեղորայքները, բայց ինձ համար գլխավոր դեղորայքը և բուժումն իմ շուտափույթ վերադարձն է Հայաստան։

– Ձեր գործն այժմ ո՞ր փուլում է գտնվում։

– Քննիչները խորհուրդ էին տալիս ինձ` մասամբ ընդունել ինձ ներկայացված մեղադրանքը` խոստանալով պայմանական ազատազրկում և փաստացի ազատում, բայց դա ինձ համար անընդունելի է, ես երբեք չեմ ընդունի ներկայացված մեղադրանքները, քանզի այդ մեղադրանքն ամբողջությամբ հորինվածք է, ես լիովին անմեղ եմ։ Մոսկվա քաղաքի Խամովնիկիի առաջին ատյանի դատարանն օգոստոսի 28-ին ինձ դատապարտեց 12 տարվա ազատազրկման այդ շինծու պատվիրված գործով։

Այդ պատվիրատու սրիկաները տոնում են իրենց հաղթանակը, ես բողոքարկում եմ գրել Մոսկվայի դատարան, այժմ դատապաշտպան չունեմ, որովհետև իմ բոլոր ֆինանսական հնարավորությունները սպառված են։ Երևի այսուհետ միայնակ կպաշտպանվեմ։ Հուսով եմ, որ մեր դեսպանատունը, այնուամենայնիվ, կօժանդակի իմ պաշտպանությանը Մոսկվայի դատարանում, բայց ցանկացած վճռի դեպքում ես դիմելու եմ ՀՀ Արդարադատության նախարարին` ինձ Հայաստան տեղափոխելու խնդրանքով, քանզի ես ՀՀ քաղաքացի եմ, ամբողջովին անմեղ եմ և դեռ շատ անելիքներ ունեմ և գործելու եմ ի փառս Հայաստանի ու Հայաստանի քաղաքացիների բարգավաճման։ Իսկ առայժմ ես, ցավոք սրտի, բանտում եմ:

Տեսանյութեր

Լրահոս