«Փոքր բիզնես ունեցողների վերջին օրերին ցուցաբերած ըմբոստությունը տեղին է». Ռուբեն Հայթյան

Սպառողների ազգային ասոցիացիայի փոխնախագահ, մարկետինգի, մոնիտորինգի բաժնի պետ Ռուբեն Հայթյանն այսօր լրագորղների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ տեղին է փոքր բիզնես ունեցողների վերջին օրերին ցուցաբերած ըմբոստությունը, քանի որ եթե նախատեսված է 3 տոկոսից իջեցնել մեկ տոկոս, ընդ որում՝ փաստաթղթավորման պարագայում, ապա իրենց կազմակերպության կարծիքով՝ դա պետք է լինի կամավոր.

«Դաշտում պետք է երկու տարբերակն էլ գործի, այսինքն՝ 3 տոկոս ցանկացողը թող դրա տակ աշխատի, իսկ 1 տոկոս ցանկացողը՝ այդպես: Կառավարության համար դժվար չէ օրենքը նորից փոխել, սարքել կամավոր»,- ասաց նա:

Ըստ նրա՝ փոքր և միջին բիզնեսին մեզ մոտ խանգարում են մեծ տնտեսվարողները. «Ճիշտ է, շուկայական տնտեսության օրենքն է, որ մեծ տնտեսվարողները մրցեն իրար հետ, իսկ մեջտեղում փոքրերը տուժեն, բայց մեր պայմաններում պետական միջամտություն է պետք: Կոնկրետ մեզ մոտ սուպերմարկետների առկայությունը պետք է վերահսկվի, որովհետև մեզ մոտ գնողունակությունը ցածր է: Պետք է հստակ սահմանեն, թե որ տարածքում ինչ չափի խանութ կամ սուպերմարկետ է հարկավոր, այլ ոչ թե կողք կողքի կառուցեն սուպերմարկետներ»,- նշեց նա:

Տեսանյութեր

Լրահոս