Ամուսնու սիրուհու մերկ լուսանկարն odnoklassniki-ում տեղադրելու մեջ մեղադրվող կնոջ պաշտպանի բողոքը մերժվել է
Վերաքննիչ դատարանը մերժել է ամուսնու սիրուհու մերկ լուսանկարն odnoklassniki սոցիալական կայքում տեղադրելու մեջ մեղադրվող կնոջ փաստաբանի բողոքը: Վերաքննիչ դատարանը որոշել է օրինական ուժի մեջ թողնել Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, որով կինը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով նախատեսված հանցագործության մեջ՝ անձնական տեղեկությունն առանց համաձայնության տարածելը, և դատապարտվել տուգանքի՝ 250 հազար դրամի չափով: Կնոջ պաշտպանն առաջին ատյանի դատարանի այս վճիռը բողոքարկել էր վերաքննիչ դատարան՝ պահանջելով արդարացնել նրան:
Վերաքննիչ դատարանն իր որոշման մեջ նշել է, որ պաշտպանության կողմի կարծիքով՝ դատաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հերքվել է կնոջն առաջադրված մեղադրանքը: Ըստ պաշտպանական կողմի՝ գործով բավարար և անհերքելի ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ տուժող կնոջ մերկ լուսանկարը «Համադասարանցիներ» սոցիալական ցանցի կայքէջում տեղադրվել է գործով վկա, ամբաստանյալ կնոջ անչափահաս որդու կողմից: Իսկ տղայի արարքը, ըստ պաշտպանական կողմի, պայմանավորված է եղել տուժողի՝ ամիսներ շարունակ տևող անբարո վարքագծով՝ թե՛ երեխայի, և թե՛ նրա ընտանիքի անդամների նկատմամբ:
Վերաքննիչ դատարանը, սակայն, գտել է, որ ամբաստանյալ կնոջ պաշտպանի բողոքը պետք է մերժվի: Դատարանը նշել է, որ նախաքննության ընթացքում ամբաստանյալն իրեն լիովին մեղավոր է ճանաչել և խոստովանական ցուցմունք է տվել այն մասին, որ 2010 թ. ամուսինը սիրային կապի մեջ է գտնվել տուժողի հետ, ինչի արդյունքում ունեն մեկ երեխա:
Ամուսինը հաճախ մեկնել է արտագնա աշխատանքի Ռուսաստանի Դաշնություն, որտեղ բնակվել է տուժողի հետ: 2013 թ. ամուսինը գտնվել է Երևանում և բնակվել է իր հետ: Օգտվելով ամուսնու բացակայությունից` նայել է նրա հեռախոսն ու տեսել տուժողի մերկ լուսանկարը: Ամուսնու և տուժողի սիրավեպից վրդովված` լուսանկարն ամուսնուց գաղտնի ներբեռնել է իր բջջային հեռախոսի մեջ` հետագայում տուժողին վատություն անելու նպատակով: Ապա որոշ ժամանակ անց իր բջջային հեռախոսի մեջ գտնվող լուսանկարը տեղադրել է տանը գտնվող համակարգչի մեջ, «Համադասարանցիներ» համացանցային կայքում ստեղծել է տուժողի անվամբ կայքէջ և տեղադրել նրա մերկ լուսանկարը: Կատարածի համար զղջացել է և խնդրել է իր նկատմամբ մեղմ վերաբերվել: Վերաքննիչ դատարանը նշել է նաև, որ առաջին ատյանի դատարանում ամբաստանյալն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել այն մասին, որ տուժողի անվամբ կայքէջը «Համադասարանցիներ» ինտերնետային կայքում բացել է իր որդին, որտեղ և տեղադրել է տուժողի մերկ լուսանկարը: Նախաքննության ընթացքում պաշտպանելով որդուն` ինքն իր վրա է վերցրել մեղքը:
Վերաքննիչ դատարանը, սակայն, արժանահավատ չի համարել ամբաստանյալի դատաքննական ցուցմունքը, «քանի որ վերջինիս պատճառաբանությունն այն մասին, որ նախաքննության ընթացքում իր որդուն պաշտպանելու նպատակով է ինքն իր վրա վերցրել մեղքը, չի համապատասխանում իրականությանը, մտացածին է և նպատակ է հետապնդում իր կողմից կատարած հանցանքն անչափահաս որդուն վերագրելու եղանակով, խուսափել սպասվելիք քրեական պատասխանատվությունից և պատժից»:
Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բոլոր ապացույցները հանգամանորեն հետազոտվել և օբյեկտիվ գնահատման են ենթարկվել առաջին ատյանի դատարանում, և եզրակացությունները կառուցվել են միայն ապացույցների համալիր գնահատականի հիման վրա, հետևաբար՝ նման պայմաններում պաշտպանի բողոքը բավարարելու հիմքեր չկան:
Նշենք, որ վերաքննիչ դատարանի այս որոշումը կարող է բողոքարկվել վճռաբեկ դատարան՝ հրապարակումից մեկ ամիս անց: