Բաժիններ՝

«Որքա՞ն է ատկատի տոկոսը այս ծրագրից օգտվելու համար»,- հարցնում է պատգամավորը

Վերահսկիչ պալատն անցած տարի գյուղնախարարության «Ներդրումներ» ծրագրում բազմաթիվ խախտումներ է բացահայտել: Այսօր ԱԺ գյուղատնտեսության և բնապահպանության մշտական հարցերի հանձնաժողովի նիստում ՎՊ 2013թ. զեկույցի քննարկման ժամանակ ՎՊ 2-րդ վարչութան պետ Դավիթ Չիբուխչյանը տեղեկացրեց, որ աշխատանքներն իրականացվում են «Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի» կողմից:

Ծրագրի գումարներից նախատեսվել է ընդհանուր 7 մլն 863.5 հազ. ԱՄՆ դոլար վարկային և դրամաշնորհային միջոցներ, մինչև ստուգման պահը հիմնադրամի կողմից իրականացվել են 1.6 մլրդ դրամի ներդրումներ (նաև` փոխառություններ) 9 կազմակերպությունում՝ «Ակվատեխավտոմատիկա» (ձկնարտադրություն), «Փյունիկ ՏԹՖ» (թռչնաբուծություն), «Փյունիկ ՏԹՖ», «365 Գրուպ» (գինեգործություն), «Հարպրոդ» (պահածոների արտադրություն), «ՍԻՍ Նատուրալ», «Չիզ Թաուն» (պանրագործություն), «Արալեռ ՏՈՏ», «Հովբար» ՍՊԸ (ոչխարաբուծություն), «Մեղրիի պահածոների գործարան» (պահածոների արտադրություն), «Ագրոլոգ» (սառնարանային տնտեսություն): ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանն առանձնացրեց «Արալեռ ՏՈՏ» ՓԲԸ-ի օրինակը, որը պետք է ներմուծեր 900 գլուխ «Էդիլբաև» տեսակի ոչխար:

Պարզվել է, որ հիմնադրամի կողմից տրամադրված փաստաթղթերով ընկերությունը 2012-2013թթ.-ին ՌԴ-ից ներմուծել է ընդհանուր 366 գլուխ «Էդիլբաև» տեսակի ոչխար (01.11.2013թ. դրությամբ): Սակայն ՀՀ ԿԱ ՊԵԿ 04.12.2013թ. գրության համաձայն, ընկերության կողմից ՀՀ տարածք ոչխար չի ներմուծվել: Եվս 235 գլուխ տեղական գառներ ձեռք են բերվել ք. Աշտարակում, ինչը ո՛չ ներդրումային հայտով, ո՛չ էլ բաժանորդագրման պայմանագրով նախատեսված չի եղել :

Ծրագիրը հիմնված է եղել այն գաղափարի վրա, որ Հիմնադրամի ներդրումներով պետք է ներմուծվեին միայն «Էդիլբաև» տեսակի տոհմային ոչխարներ, որոնց հատկանիշների (մսատվություն, ծնելիություն, քաշ և այլն) հիման վրա էլ կատարվել են հետագա իրացումների, շահույթի, հետևաբար նաև` Հիմնադրամին շահութաբաժինների վճարման և փոխառության մարման կանխատեսումները:

«360 ոչխարը, որ նույնիսկ ընդունենք մեզ մոտ է, ամեն դեպքում դա 1350 չէ: Հանգիստ կարող ենք ասել, որ ծրագրով նախատեսվածը չի կատարվել»,- ասաց Ի.Զաքարյանը: «Մի քանի գառ են բերել, էնքան շուխուռ են անում»,- նկատեց պատգամավոր Լյովա Խաչատրյանը: Պատգամավոր Խոսրով Հարությունյանի բնորոշմամբ՝ լավագույն ծրագիրը կարելի է ապականել:

Նա շեշտեց, որ ԾԻԳ-ն ընդամենը գործիք է, պատասանատուն նախարարությունն է: Մի քանի անգամ անկեղծության կոչ անելով՝ Լ.Խաչատրյանը հետաքրքրվեց՝ որքա՞ն է ատկատի տոկոսը այս ծրագրից օգտվելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս