ԵՄ-ը Ռուսաստանի դեմ սահմանած պատժամիջոցները կարող է չեղյալ հայտարարել նոյեմբերից ոչ շուտ
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` ԵՄ-ը պատրաստ է փուլ առ փուլ չեղյալ հայտարարել Ռուսաստանի դեմ սահմանած պատժամիջոցները` կախված Ուկրաինայում իրավիճակի զարգացումից: Այս մասին գործակալությանը հայտնել է նրա դիվանագիտական աղբյուրը:
Նրա խոսքերով` ԵՄ-ի անդամ երկրները պատժամիջոցների չեղյալ հայտարարման հարցը կսկսեն միայն հաջորդ ամսվանից, իսկ պատժամիջոցների առաջին բլոկի չեղյալ հայտարարումը, հազիվ թե, տեղի ունենա նոյեմբերից շուտ:
Աղբյուրը մանրամասնել է, որ պատժամիջոցների չեղյալ հայտարարման հարցը կարող է տեղի ունենալ երկու եղանակով, ընդ որում` երկու տարբերակն էլ փուլային են, և որ խոսքը չի գնում պատժամիջոցային ողջ բլոկի ամբողջական վերացման մասին:
Պատժամիջոցները չեղյալ հայտարարելու գործընթացի քննարկումից առաջ ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայությունը պետք է Եվրախորհրդին վերլուծություն ներկայացնի Ուկրաինայում խաղաղության պլանի իրագործման մասին:
Սրանից առաջ հաղորդվել էր, որ G7-ն ու ԵՄ-ը Ռուսաստանին սպառնացել են նոր պատժամիջոցներով: