Ռուսաստանը կարող է Եգիպտոսին հատկացնել C-300 զենիթա-հրթիռային համալիրներ
Ռուսական Ведомости թերթի փոխանցմամբ` «Ռոսօբոռոնէքսպորտ» ընկերությունը պայմանավորվել է Եգիպտոսին C-300 զենիթա-հրթիռային համալիրներ (ԶՀՀ) մատակարարելու շուրջ: Գործարքը գնահատվում է մոտ կես միլիարդ դոլար:
Այս մասին թերթին հայտնել է «Ռոսօբոռոնէքսպորտի» ղեկավարությանը մոտ կանգնած աղբյուրը: Վերջինս, սակայն, չի հայտնել C-300 ԶՀՀ-ների մատակարարման ծավալն ու ժամկետները:
Օգոստոսին ԶԼՄ-ները հայտնեցին, որ Եգիպտոսը կարող է ստանալ Սիրիայի համար նախատեսված C-300 ԶՀՀ-ները: Ռուսական կողմը Սիրիային C-300 ԶՀՀ-ներ մատակարարելու գործարքի տապալման մասին հայտնել էր օգոստոսի սկզբին:
2010 թվականին Սիրիայի ու Ռուսաստանի միջև ստորագրված պայմանագրով Դամասկոսը պատվիրել էր 900 միլիոն դոլարի C-300 ԶՀՀ-ների 4 մարտկոց: Յուրաքանչյուր մարտկոցում գտնվում է 6 ինքնագնաց արձակման սարք: