Սպիտակ տան տարածք ներթափանցած Գոնսալեսի մոտ հայտնաբերվել է 2 կացին և 800 փամփուշտ
NBC News-ի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 19-ին Սպիտակ տան տարածք մուտք գործած Օմար Գոնսալեսի ավտոմեքենայում կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերվել է երկու կացին, մեկ մաչետե և 800 փամփուշտ: Այս մասին դաշնային դատարանում նախնական լսումների ժամանակ հայատարարել է ԱՄՆ դաշնային դատախազի օգնական Դևիդ Մուդը:
Նիստի ժամանակ Մուդը հայտարարել է, որ Գոնսալեսը, որին մեղադրում են զինված վիճակում արգելված գոտի մուտք գործելու մեջ, վտանգ է ներկայացրել նախագահի համար: Նա հավելել է, որ 42-ամյա տղամարդը դեռ օգոստոսի 25-ին էր ձերբակալվել Սպիտակ տան հարավային ցանկապատի մոտակայքում:
Այն ժամանակ թեև նրա մոտ հայտնաբերվել էր կացին, սակայն նրան չէին կալանավորել: Բացի այդ, հուլիսի 19-ին Գոնսալեսին ձերբակալել էին դիպուկահար հրացանով ու քարտեզով, որում պատկերված է եղել Սպիտակ տունը: Հաշվի առնելով այդ ամենը՝ դատավորը հրաժարվել է գրավի դիմաց ազատ արձակել Գոնսալեսին և որոշել է նրան կալանքի տակ թողնել մինչև հոկտեմբերի 1-ը:
Սեպտեմբերի 19-ին Թեքսաս նահանգի բնակիչ Օմար Գոնսալեսին հաջողվել էր ցատկել նախագահական նստավայրի արգելապատնեշի վրայով և վազելով անգամ ներթափանցել շենք, նախքան նրան կձերբակալեին Գաղտնի ծառայության աշխատակիցները: