Ամերիկացի լրագրողների մարդասպանների մասին տեղեկատվությունը գնահատվել է 10 միլիոն դոլար
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ սենատը միաձայն հավանության է արժանացրել այն օրինագիծը, որը դրամական պարգև է սահմանում ամերիկացի լրագրողներ Ջեյմս Ֆոուլիի ու Սթիվեն Սոթլոֆի առևանգմանն ու սպանությանը մասնակից անձանց մասին տեղեկատվություն հայտնելու համար:
Դրամական պարգևը կարող է կազմել մինչև 10 միլիոն դոլար: Սենատոր Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Ֆոուլիի ու Սոթլոֆի հիշատակը հարգելու եղանակներից մեկը մարդասպաններին պատասխանատվության ենթարկելն է, իսկ դրամական պարգևը կոչված է դրան հասնելուն:
Այժմ օրինագիծը պետք է հավանության արժանացնի ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը, ինչից հետո այն հաստատման համար կուղարկվի երկրի նախագահ Բարաք Օբամային: Ջեյմս Ֆոուլիի սպանության մասին տեսանյութը համացանցում հայտնվել է օգոստոսի 20-ի գիշերը, իսկ Սոթլոֆի սպանության տեսանյութը` սեպտեմբերի 2-ին: