Մոսկվայում ձերբակալել են ամենաերիտասարդ «օրենքով գող» Սերգեյ Ասատրյանին
Lenta.ru-ի փոխանցմամբ` Մոսկվայի իրավապահները մայրաքաղաքի ռեստորաններից մեկում ձերբակալել են երկու «օրենքով գողի»: Նրանցից մեկը Իլյա Գոգլոևն է, ով հայտնի է Իլո կամ Իլյա Կալինինգրադսկի մականվամբ, իսկ մյուսը` Սերգեյ Ասատրյանն է, ով իր հերթին հայտնի է որպես Սերյոժա Օսետրինա կամ Սերյոգա Բենթլի:
Այս մասին նշված է Մոսկվայի ՆԳՆ-ի գլխավոր վարչության կայքում: Բացի այդ, իրավապահները ձերբակալել են հանցագործների մերձակա շրջապատի մի քանի անդամի: Գոգլոևի մոտ հայտնաբերվել է 7 գրամ հերոին, նրան վերցրել են կալանքի տակ: «Սխոդկայի» մնացյալ մասնակիցները ստուգման են ենթարկվում:
Սերգեյ Ասատրյանը 27 տարեկան է, նա հանդիսանում է Ասատրյանների կլանի կրտսեր ներկայացուցիչն ու ամենաերիտասարդ «օրենքով գողը»: 2008 թվականին նրան «թագադրել» են Դեդ Հասանը, Յապոնչիկը և «գողական աշխարհի» այլ հայտնի ներկայացուցիչներ:
Սերգեյ Ասատրյանի հայր Էդուարդ Ասատրյանը նույնպես ունի «օրենքով գողի» կարգավիճակ: Նա հայտնի է Օսետրինա-ավագ կամ Էդիկ Թբիլիսկի մականուններով: