ՄԱԿ-ում կարծել են, որ Վրաստանի նախագահը դեռ Սաակաշվիլին է
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ ԳԱ-ի 69-րդ նստաշրջանի շրջանակներում կլիմայի հարցերով գագաթաժողովին մասնակցելու հրավերն այս տարվա փետրվարին սխալմամբ եկել է «Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլու» և ոչ թե երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու անունով:
Այս մասին այսօր հայտնել է Վրաստանի առաջին փոխարտգործնախարար Դավիթ Զալկալիանին. «Որքան էլ որ զավեշտալի թվա դա, այնուամենայնիվ, այդ նամակն ուղարկվել է երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու անունով: Եվ դրա վրա ստորագրում է ՄԱԿ-ի քարտուղարության ներկայացուցչուհին»:
Զալկալիանին հավելել է, որ Վրաստանում ՄԱԿ-ի առաքելությունը սխալն ուղղելու համար դիմել է ՄԱԿ-ի քարտուղարությանը, ինչից հետո մայիսի 19-ին ուղարկվել է նոր նամակ, որում արդեն սխալն ուղղվել է:
Չնայած նրան, որ սկզբնական հրավերը ստացվել է 2014 թվականի փետրվարի 25-ին, սակայն գերատեսչությունն այդ մասին նախագահին իրազեկել է միայն ամիսներ անց՝ հունիսի 11-ին:
Նախագահն այդ գագաթաժողովին իր մասնակցությունը հաստատել է հուլիսի 7-ին, սակայն ի պատասխան՝ հուլիսի 8-ին ԱԳՆ-ը նամակ է հղել նախագահի աշխատակազմին՝ նշելով, որ սեպտեմբերի 21-30-ին Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ ԳԱ-ի նստաշրջանին մասնակցող վրացական պատվիրակությունը գլխավորելու է երկրի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին: