Բաժիններ՝

Air France-ի օդաչուները սպառնալիքի տակ են դրել ավիաընկերության չվերթների 60 տոկոսը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` ֆրանսիական Air France ավիաընկերության օդաչուները պատրաստվում են վաղը գործադուլ սկսել: Դրա հետ կապված` տապալման ռիսկի տակ է հայտնվել ավիաընկերության չվերթների մոտ 60 տոկոսը:

Օդաչուները համաձայն չեն սեփական ծախսերը կրճատելու ավիափոխադրողի պլանների հետ, որի շրջանակներում Air France-ը փոքր ու միջին հեռավորության չվերթների մեծ մասը հանձնել է իր դուստր ձեռնարկությանը` Transavia-ին:

Air France-ի գործադիր տնօրեն Ֆրեդերիկ Գաժեն հայտարարել է, որ ավիաընկերությունը կարող է երաշխավորել սեպտեմբերի 15-ին պլանավորված բոլոր չվերթների 40 տոկոսի իրագործումը, իսկ մնացյալ 60 տոկոսը կասկածի տակ է հայտնվել օդաչուների գործադուլի կապակցությամբ:

Նա հավելել է, որ Air France-ի ուղևորներն իրազեկված են անորոշ ժամկետով չվերթների չեղյալ հայտարարման մասին: Ակնկալվում է, որ օդաչուների գործադուլը կտևի մինչև սեպտեմբերի 22-ը: Կանխատեսումների համաձայն, գործադուլի յուրաքանչյուր օրը Air France-ի համար կարժենա 10-15 միլիոն եվրո:

Սեպտեմբերի սկզբին ավիաընկերությունը հայտարարել էր, որ պլանավորում է Եվրոպայում բացել Transavia ապրանքանիշով նոր բազաներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս