Բաժիններ՝

Քերին հիասթափված է «Իսլամական պետության» վերաբերյալ Օբամայի պլանի հանդեպ ՌԴ-ի արձագանքից

«Ամերիկայի ձայն» ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հիասթափություն է հայտնել «Իսլամական պետության» դեմ պայքարի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից չորեքշաբթի հրապարակված պլանի հանդեպ Ռուսաստանի արձագանքից: Իր ելույթում Օբաման հայտարարել էր, որ ԱՄՆ-ը «Իսլամական պետության» դեմ ռազմական ուժ է կիրառելու ոչ միայն Իրաքում, այլև՝ Սիրիայում:

Ի պատասխան՝ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտարարել է, որ «Իսլամական պետության» դեմ միջազգային կոալիցիայի կողմից ամեն տիպի ռազմական գործողություններ սկսելու համար անհրաժեշտ է ստանալ ՄԱԿ ԱԽ-ի թույլտվությունը՝ հակառակ դեպքում դա կհանդիսանա միջազգային իրավունքի նորմերի խախտում:

Քերին կարծում է, որ Ռուսաստանը թերագնահատում է զինյալներից բխող սպառնալիքը: Քերին հուսով է, որ Ռուսաստանը վերջին հաշվով կհասկանա, որ «Իսլամական պետությունը» սպառնալիք է համայն աշխարհի համար, այդ թվում նաև հենց իր համար՝ հաշվի առնելով երկրի տարածքի շրջապատն ու Չեչնիայում նրա փորձը:

Քերին չի բացառում, որ որոշակի խնդիրներ կարող են ծագել Ռուսաստանի հարևան երկրներում կամ էլ հենց Ռուսաստանի մի շարք շրջաններում, և որ ներկայումս անհրաժեշտ է դասեր քաղել Սիրիայում ու Իրաքում տեղի ունեցած դեպքերից.

«Կարծում եմ, որ ժամանակի հետ մեկտեղ Ռուսաստանը կհասկանա, որ իր շահերից է բխում ավելի ակտիվ համագործակցելն ու այնպիսի անձանց աջակցելուց հրաժարվելը, ինչպիսին է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, ով սպանում է սեփական ժողովրդին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս