«Ռոսօբոռոնէքսպորտ» ընկերությունն Ադրբեջանին առաջարկել է Т-72 տանկերի խորը արդիականացում
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Ռոսօբոռոնէքսպորտ» ընկերությունն ադրբեջանական կողմին առաջարկել է կազմակերպել Т-72 տանկերի պարկի խորը արդիականացում՝ մինչև տանկերի աջակցության մարտական մեքենայի (ՏԱՄՄ) մակարդակի:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ռոսօբոռոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրենի խորհրդական Էսեն Տոպոևը, ով գլխավորում է Ադրբեջանում կազմակերպված ADEX-2014 ռազմական ցուցահանդեսին մասնակցող ռուսական պատվիրակությունը.
«Մենք ստատիկ հարթակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ներկայացրեցինք «Ուրալվագոնզավոդի» արտադրանքը, զննեցինք «Տերմինատոր» ՏԱՄՄ-72-ն ու հաշվի առնելով, որ այստեղ առկա է T-72 տանկերի բավական մեծ պարկ՝ առաջարկեցինք դրանց խորը արդիականացում՝ մինչև ՏԱՄՄ-ի մակարդակի և այդ տարբերակի զարգացման հետագա հնարավորությունների դիտարկում»: