Ռուսաստանն Ադրբեջանին 100 հատ Т-90С տանկերի մատակարարումը կավարտի 2015 թվականի սկզբին
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանն Ադրբեջանին 100 հատ Т-90С տանկերի մատակարարումը կավարտի 2015 թվականի սկզբին, հավելյալ մատակարարումների մասին խոսք չի գնում:
Այս մասին հայտարարել է «Ռոսօբոռոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրենի խորհրդական Էսեն Տոպոևը, ով գլխավորում է Ադրբեջանում կազմակերպված ADEX-2014 ռազմական ցուցահանդեսին մասնակցող ռուսական պատվիրակությունը:
Ավելի վաղ Ռազմատեխնիկական համագործակցության գծով դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ Կոնստանտին Բիրյուլինը գործակալությանը հայտնել էր, որ Ռուսաստանն Ադրբեջանին 100 հատ Т-90С տանկից բաղկացած խմբաքանակի մատակարարումն ավարտել է ընթացիկ տարվա ապրիլին և հնարավոր է, որ Բաքվի հատկացվի նույն ծավալով այդ տանկերի երկրորդ խմբաքանակ:
Տոպոևի խոսքերով՝ Մոսկվան 2010 թվականին ստորագրված համաձայնագրով ռազմական տեխնիկայի ու սպառազինության խոշոր խմբաքանակի մատակարարումը կավարտի 2017 թվականին. «Մենք 2010 թվականին ստորագրել ենք մեծ փաթեթ, որում ներառվել են մի ամբողջ շարք անուններ:
Ժամկետները տարբեր են, մի մասը մենք մատակարարել ենք այս տարի, մյուս մասն ավարտել ենք դեռ նախորդ տարի, իսկ մի մասն էլ կավարտենք 2015 թվականին: Մատակարարումները հաշվարկված են մինչև 2017 թվականը ներառյալ»:
Տոպոևը հայտարարել է, որ Ադրբեջանը դիմել է «Ռոսօբոռոնէքսպորտին»՝ խնդրելով առաջարկներ պատրաստել երկրի տարածքում ուղղաթիռների ու զրահատեխնիկայի վերանորոգման ու սպասարկման կենտրոնների ստեղծման մասին:
Նա հավելել է, որ «Ռոսօբոռոնէքսպորտը» ադրբեջանական կողմի հետ քննարկել է ավելի վաղ մատակաարած սպառազինության ու ռազմական տեխնիկայի սպասարկման հարցը, որն առնչվում է նաև տարբեր նշանակության անձնակազմի նախապատրաստմանը: