Բաժիններ՝

Դուշանբեում այսօր կքննարկվի ՇՀԿ-ին անդամակցելու նոր կանոնների ընդունման հարցը

«Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Դուշանբեում այսօր մեկնարկում է Շանհայան համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթաժողովը: Ակնկնալվում է, որ դրա գլխավոր թեմաներից մեկը լինելու է Ուկրաինայում տիրող իրավիճակը, որը հանդիպման մասնակիցները քննարկելու են դռնփակ ռեժիմով:

ՇՀԿ-ի գագաթաժողովի օրակարգում առկա են նաև տնտեսական ու քաղաքական համագործակցության հարցը, կազմակերպության հետագա զարգացման հեռանկարները, ՇՀԿ-ի կապերի ընդլայնումը միջազգային մյուս կառույցների հետ:

Դուշանբեի գագաթաժողովում կընդունվեն կազմակերպությանն անդամակցելու նոր կանոններ, ինչը հնարավորություն կտա մոտ ապագայում նրա կազմում ներառել Հնդկաստանն ու Պակիստանը:

Եվս մեկ այժմեական հարց է ֆինանսական ինստիտուտի ստեղծման հարցը՝ նախատեսված համատեղ նախագծեր իրագործելու համար: Չինաստանը պնդում է ՇՀԿ-ի Զարգացման բանկի ստեղծման շուրջ, սակայն Ռուսաստանը դեռ դեմ է արտահայտվում դրան:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՇՀԿ-ի գագաթաժողովի շրջանակներում երկկողմ հանդիպումներ է ունենալու Ուզբեկստանի, Տաջիկստանի ու Չինաստանի առաջնորդների հետ: Սրանից առաջ էլ հաղորդվել էր, թե Պուտինը երկկողմ հանդիպում է ունենալու Ղազախստանի նախագահի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս