Ո՞ւմ՝ ի՞նչ է հասկացնում իշխանությունը

«Gallup International»-ը երեկ հրապարակել է օգոստոսին անցկացված հարցման արդյունքները, որոնց համաձայն` անցած մեկ տարվա ընթացքում Հայաստանում էականորեն նվազել է Եվրասիական միության կողմնակիցների թիվը: Եթե անցած տարվա ապրիլին անցկացված հարցումներով այն կազմում էր 67 տոկոս, ապա օգոստոսյան հարցումների արդյունքներով՝ Հայաստանում բնակչության 57 տոկոսն է կողմ արտահայտվում Եվրասիական միությանը մեր երկրի անդամակցությանը:

Հիշեցնենք, որ նշված հարցումն իրականացրած «Gallup International»-ը ոչ թե իրական, հեղինակավոր Gallup կենտրոնն է, այլ դրա անվան նմանությամբ ստեղծված հայկական կազմակերպություն, որը մշտապես արտահայտում է իշխանության տեսակետը՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերում:

Այսինքն՝ վերը նշված տվյալներն իրականում ոչ այնքան սոցիոլոգիական, որքան քարոզչական ցուցանիշներ են: Մեծ հավանականությամբ` այս «սոցիոլոգիական հարցումներով» Հայաստանի իշխանությունը ցանկանում է ակնարկել, որ առնվազն կարող է մտածել Եվրասիական միությանն անդամակցությունից հրաժարվելու մասին: Առավել ևս, որ Հայաստանին այնտեղ, մեղմ ասած, չեն սպասում: Ուշագրավ է, որ այս հետազոտության արդյունքները հրապարակվեցին այն օրը, երբ հայտնի դարձավ, որ Եվրամիությունն ավելացրել է «Հարևանության քաղաքականության» շրջանակներում Հայաստանին 2014-2017 թվականներին տրամադրվելիք օժամդակության ծավալը՝ այն հասցնելով 140-170 մլն եվրոյի, իսկ Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը հայտարարեց, թե Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները ողջունում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթաժողովին:

Թե որքանով են այս իրադարձությունները շաղկապված իրար, իհարկե, միարժեք դժվար է ասել: Սակայն դրանք հիմք են տալիս գոնե ենթադրելու, որ ամբողջությամբ Ռուսաստանին տրված/հանձնված ՀՀ իշխանությունը վերջին շրջանում Ռուսաստանի ազդեցությունից դուրս որոշակի գործընթացների է մասնակցում և առնվազն մտածում է Եվրասիական միությունից խուսափելու ուղիներ գտնելու մասին: Եթե դա այդպես է, ապա առաջիկայում քաղաքական կյանքում կարող են հետաքրքիր իրադարձություններ տեղի ունենալ, և գուցե հենց այդ զարգացումներին են սպասում ոչ իշխանական ուժերը, ովքեր իշխանությանը տված վերջնաժամկետը հայտարարել են սեպտեմբերի վերջը, բայց հանրահավաք նախատեսում են անցկացնել հոկտեմբերի երկրորդ կեսին: Նախատեսվում է, որ հոկտեմբերի 10-ին կորոշվի Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության հարցը:

Տեսանյութեր

Լրահոս