Պորոշենկոն պատրաստ է կյանքը չխնայել հանուն Ուկրաինայի
BBC-ին տված հարցազրույցի ժամանակ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Ուկրաինայի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու անկախությունը կմնա անփոփոխ: Պորոշենկոն այս մասին հայտարարել է Դոնբասում երկկողմ հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումից առաջ.
«Ես պատրաստ եմ մարտնչել իմ երկրի համար և անգամ զոհվել նրա համար: Ես վստահեցնում եմ ձեզ, որ այդպես է մտածում Ուկրաինայի բնակիչների մեծ մասը: Սակայն ես վստահ եմ, որ Ուկրաինան` որպես պետություն, և ես` որպես այդ պետության առաջնորդ, անում ենք ամեն հնարավոր բան, որպեսզի մեր երկրում իշխի խաղաղություն:
Ես անում եմ ամեն հնարավոր բան նրա համար, որպեսզի կանգնեցնեմ պատերազմը, որպեսզի կանգնեցնեմ խաղաղ քաղաքացիների ու զինծառայողների զանգվածային սպանությունը»:
Դոնբասում հրադադարի մասին հակամարտող կողմերն արձանագրություն են ստորագրել երեկ, Մինսկում: Պորոշենկոն երեկ զինված ուժերին կարգադրել է ժամը 18.00-ից դադարեցնել կրակը` միևնույն ժամանակ մնալով սեփական դիրքերում:
Պորոշենկոն մտավախություններ ունի և վստահ չէ, որ հրադադարը կլինի տևական: Կողմերն արդեն իսկ միմյանց մեղադրել են հրադադարից հետո կրակը չդադարեցնելու և հրետակոծելու մեջ: