Էրդողանն Օբամային կոչ է արել զենք չմատակարարել Իրաքի ղեկավարությանը
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ՆԱՏՕ-ի ուելսյան գագաթաժողովի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Վերջին անգամ նրանք միմյանց հանդիպել էին 16 ամիս առաջ:
Էրդողանի ու Օբամայի բանակցությունները տևել են մոտ 40 րոպե: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Իրաքի, Սիրիայի, Ուկրաինայի հարցերն ու տարածաշրջանային այլ խնդիրներ:
Էրդողանն Օբամային կոչ է արել զենք չմատակարարել Իրաքի ղեկավարությանը` հիշեցնելով Իրաքի գրավումից հետո տարածաշրջանում առանց վերահսկողության թողնված զենքերի մասին, որոնք այսօր հայտնվել են «Իսլամական պետություն» խմբավորման ձեռքում:
Էրդողանը կարևորել է զինյալների դեմ ոչ կոալիցիա, այլ դաշինք ձևավորելը, քանի որ կոալիցիան կուժեղացնի Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, ինչպես նաև կվնասի զինյալների ձեռքում գտնվող թուրք պատանդներին (Մոսուլում Թուրքիայի հյուպատոսության աշխատակիցներին):
Էրդողանն ընդգծել է, որ իրենք չեն ցանկանում, որ Թուրքիայի քաղաքացիներին էլ սպանեն ամերիկացի լրագրողների նման: Ընդգծվում է, որ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ Էրդողանն օրակարգ է բերել 4 հիմնահարց. «Իսլամական պետություն», Ուկրաինա, Ադրբեջան և Աֆղանստան:
Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվել էր, թե Օբամայի հետ հանդիպման ժամանակ Էրդողանը բարձրացնելու է ԱՄՆ-ում բնակվող իսլամական-հասարակական գործիչ Ֆեթհուլլահ Գյուլենի արտահանձնման կամ արտաքսման հարցը: