Պորոշենկոն զինված ուժերին կարգադրել է ժամը 18.00-ից դադարեցնել կրակը Դոնբասում
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Մինսկում նախնական արձանագրություն է ստորագրվել հրադադարի համաձայնագրի մասին: Փաստաթուղթն ուժի մեջ է մտնում ժամը 18.00-ից:
Փաստաթուղթը ստորագրել են եռակողմ շփման խմբի հանդիպման մասնակիցները: Մինսկում ԵԱՀԿ-ն ներկայացրել է Հայդի Տալյավինին, Ուկրաինան՝ նախկին նախագահ Լեոնիդ Կուչման, Ռուսաստանը՝ Ուկրաինայում դեսպան Միխայիլ Զուրաբովը: Զինյալներից եկել է ինքնահռչակ ԴԺՀ-ի վարչապետ Ալեքսանդր Զախարչենկոն:
Պորոշենկոն Ուկրաինայի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետին կարգադրել է ժամը 18.00-ից դադարեցնել կրակը հակաահաբեկչական գործողության գոտում: Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունը: Ընդհանուր առմամբ, փաստաթուղթը բաղկացած է 14 կետից, որոնց թվում խոսք է գնում նաև խաղաղության պահպանումը վերահսկելու բոլոր ասպեկտների և ռազմագերիների փոխանակման մասին: