ՆԱՏՕ-ն պատրաստ է ուժեղ բանակ կառուցելու հարցում օգնել Ուկրաինային. Ռասմուսեն
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է ուժեղ բանակ կառուցելու հարցում օգնել Ուկրաինային: Ռասմուսենն այս մասին հայտարարել է Ուելսում տեղի ունեցած ՆԱՏՕ-Ուկրաինա հանձնաժողովի նիստում:
Ռասմուսենն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն նաև աջակցելու է Ուկրաինայի ռազմական բարեփոխումներին, իսկ ՆԱՏՕ-ի ու Ուկրաինայի միջև համագործակցությունն ապագայում կդառնա ավելի սերտ: Ռասմուսենի խոսքերով՝ ՆԱՏՕ-ն 15 միլիոն եվրո ֆինանսական օգնություն կհատկացնի Ուկրաինային:
Խոսելով ուկրաինական բանակին սպառազինություն մատակարարելու մասին՝ Ռասմուսենը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն՝ որպես միություն, ներգրավված չէ այդ գործընթացում, քանի որ չունի ռազմական հնարավորություններ. «Դրանցով օժտված են անհատական դաշնակիցները, ինչի համար էլ դրանք ազգային որոշումներ են, և մենք չենք միջամտի դրան»:
Ռասմուսենը Ռուսաստանին կոչ է արել վերջ դնել Ղրիմի բռնակցմանը, զորքերը դուրս բերել Ուկրաինայից, դադարեցնել զենքի ու զինյալների մատակարարումները սահմանից այն կողմ, վերջ դնել հակամարտությանը և շրջվել դեպի խաղաղություն: