ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության դեմ բողոքողները իրենց ուղերձը կարդացին Նախագահականի դիմացի մայթին

Այսօր տեղի ունեցավ «ընդդեմ Հայաստանի՝ ՄՄ-ին և ԵՏՄ-ին անդամակցելու» քաղաքացիական նախաձեռնության ցույցը, որի անդամներրը Ազատության հրապարակից շարժվեցին դեպի Նախագահական նստավայր ու կարդացին իրենց ուղերձը:

Հիշեցնենք, որ ցույցը նախատեսվում էր սեպտեմբերի 9-ին՝ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի այցի կապակցությամբ, սակայն, երբ պարզ դարձավ, որ վարչապետը չի ժամանելու Հայաստան, նախաձեռնության անդամները որոշեցին ցույցը տեղափոխել այն օրը, երբ մեկ տարի առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցության մտադրության մասին:

Այսօր ցույցի մասնակիցները ներկայացել էին պաստառներով, որոնց վրա գրված էր. «No Putin, No Cry #ինքնիշխան Հայաստան», «Go Home Putin, You are Drunk» և այլն:
Ցույցի մասնակից Դավիթ Սանասարյանի խոսքով՝ այսօր լրանում է մեկ տարին , ինչ Հայաստանը չներկայացնող մի անձ Մոսկվայում հայտարարեց, որ Հայաստանը որոշել է գնալ Մաքսային միություն. «Այդ ստախոսության մեկ տարին է լրանում, և այսօր մենք հավաքվել ենք, ոչ թե գործողություններ անելու, այլ ևս մեկ անգամ հիշեցնելու, որ այդ ուղղությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիները չեն որոշել, և մենք թույլ չենք տալու, որ Հայաստանը գնա դեպի այդ ճահիճը: Մեկ տարվա ընթացքում մի քանի անգամներ են եղել, որ Հայաստանի Հանրապետության անկախության զգացողությունն ունեցող քաղաքացիները տարբեր ակցիաներ են կազմակերպել, ոստիկանների կողմից ձերբակալվել են, տուգանվել են, սակայն մենք շատ լավ հասկանում ենք, և այդ տուգանքներն ու խոչընդոտները մեզ համար իրական խոչընդոտներ չեն: Հայաստանի Հանրապետության ապագան չի վաճառվում, Հայաստանի անկախությունը չի վաճառվում, և որևիցե անձ՝ ընտրված, թե չընտրված, իրավունք չունի մեր փոխարեն Հայաստանի Հանրապետության անկախությունը սակարկելու»,- հայտարարեց նա:

Ցույցի մասնակիցները հիշեցին նաև Շանթ Հարությունյանին և նրա սկսած շարժումը համարեցին անկախության, արժանապատվության և արդարության շարժում. «Այս ընթացքում գաղափարական շարժում սկսեց Շանթ Հարությունյանը և իր ընկերները: Շանթ Հարությունյանը սկսեց այդ անկախության, արժանապատվության, արդարության շարժումը, և կարող եք ինքներդ տեսնել, որ Շանթի կողմնակիցները գնալով շատանում են»:
Ցույցի մասնակիցները Ազատության հրապարակից շարժվեցին դեպի Նախագահական նստավայր, որտեղ կարդացին իրենց պատրաստած ուղերձը:

Նշենք, որ փոքր վեճ սկսվեց ցույցի մասնակիցների և ոստիկանների միջև, որոնք չէին թույլ տալիս ցուցարարներին ցույցն անցկացնել Նախագահական շենքի դիմացը, այլ առաջարկում էին ցույցն անել դիմացի մայթին: Ցուցարարների հարցին ի պատասխան, , թե ինչո՞ւ չի թույլատրվում շենքի դիմացն անել ցույցը, ոստիկանները պատասխանեցին, որ օրենքով սահմանված է՝ Նախագահի նստավայրի մոտ ակցիա անել չի կարելի:
Ցույցի մասնակիցներն էլ հակադարձում էին՝ ասելով, որ օրենքում գրված է՝ կարելի է ակցիա անել խելամիտ հեռավորության վրա, և պահանջում էին ոստիկանին բացատրել, թե ինչպե՞ս են իրենք որոշում՝ որ տարածությունն է համարվում խելամիտ: Ոստիկանն ի պատասխան հարցադրմանը, թե ո՞վ է որոշել այդ տարածությունն, ասաց. «Ես եմ որոշել»:

Ցույցի մասնակից Դավիթ Սանասարյանը Նախագահական նստավայրի դիմացի մայթին կարդաց իրենց հայտարարությունը.
«Հարգելի հայրենակիցնե՛ր, մենք բոլորս քաջ գիտակցում ենք, որ ի սկզբանե խախուտ և անհեռանկար Մաքսային միություն ռուսական նախագծին Հայաստանի անդամակցելը հերթական անգամ Հայաստանը դարձնում է միջոց ու գործիք ռուսական չարյաց կայսրության ձեռքին, և մեր երկիրը Ռուսաստանն օգտագործելու է իր կայսերական մկրտումներն ու ամբիցիաները բավարարելու համար: Մաքսային միությունն այն շղարշն է, որի տակ ռուսական դիվանագիտությունը կլուծի իր համար շահավետ խնդիրներ: Տարիներ շարունակ Ռուսաստանը Հայաստանի հետ հարաբերություններում ցույց է տվել, որ հեռու է ռազմավարական դաշնակից կոչվող հասկացողությունից, նրա քայլերն ուղղված են Հայաստանի թուլացմանը: Եկեք բոլորս զորակցենք Շանթ Հարությունյանին և մյուս ազատակամ հայորդի քաղբանտարկյալներին, որոնք դուրս եկան իշխանությունների դեմ Հայաստանի ողնաշարն ամրացնելու, անկախության դրոշակը երկինք պահելու պատրաստակամությամբ՝ առանց գեթ մեկ վայրկյան վարանելու: Եկեք միահամուռ պահանջենք մեր քաջարիների ազատությունը, նրանց ազատությունը թանկ է բոլորիս համար»:
Անի Քեշիշյան

Տեսանյութեր

Լրահոս