Վրաստանի քաղաքներում այսօր կանցկացվի «Ո՛չ ՆԱՏՕ-ին» ակցիան
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Վրաստանի վեց քաղաքներում, այդ թվում նաև մայրաքաղաք Թբիլիսիում անցկացվելու է «Ո՛չ ՆԱՏՕ-ին» ակցիան՝ կապված վաղը Հարավային Ուելսում մեկնարկող ՆԱՏՕ-ի գագաթաժողովի հետ:
Այս մասին ավելի վաղ հայտարարել է ակցիայի կազմակերպիչ, «Եվրասիական ընտրություն» ՀԿ-ների դաշինքի առաջնորդ Արչիլ Չկոիձեն: Նրա խոսքերով՝ ակցիան մեկնարկելու է տեղական ժամանակով ժամը 13.00-ին: Թբիլիսիում ակցիան անցկացվելու է ԱՄՆ դեսպանատան շենքի առջև:
Չկոիձեն հայտարարել է, որ իրենք իրենց հետ բերելու են ֆոտոնյութեր, որոնք կարտացոլեն մարդկության դեմ ՆԱՏՕ-ի գործած բոլոր հանցանքները. «Մենք հանդես ենք գալիս այդ կազմակերպության դեմ և պահանջում ենք, որ Վրաստանում անցկացվի նոր հանրաքվե, որի ժամանակ հասարակությունն ու ժողովուրդը պետք է որոշեն, թե արդյոք ցանկանո՞ւմ են միանալ ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին»:
Չկոիձեն հայտարարել է, որ ապօրինի է համարում 2008 թվականին անցկացված հանրաքվեի արդյունքները, որոնց համաձայն ՆԱՏՕ-ին Վրաստանի միանալուն կողմ է քվեարկել 77 տոկոսը: Նա ընդգծել է, որ ո՛չ ԵՄ-ում, ո՛չ էլ ՆԱՏՕ-ում ոչ ոք չի սպասում Վրաստանին:
Թբիլիսիից բացի, ակցիան անցկացվելու է Բաթումում, Զուգդիդիում, Ռուսթավիում, Քութայիսում ու Գորիում: