Սաակաշվիլուն ժամանակավորապես ձերբակալել են Հունաստանում. Վրաստանի Գլխավոր դատախազություն
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի գլխավոր դատախազությունը երեկ հաստատել է երկրի նախագահ Միխեիլ Սաակաշվիլու ժամանակավոր (4 ժամով) ձերբակալությունը հունական Սամոս կղզում: Միևնույն ժամանակ Սաակաշվիլու փաստաբան Օտար Կախիձեն հերքել է այդ տեղեկատվությունը:
Վրաստանի Գլխավոր դատախազության ներկայացուցիչ Իրակլի Չիլինգարաշվիլին հայտարարել է, որ սեպտեմբերի 1-ին Հունաստանի իրավապահ մարմիններն իրենց իրազեկել են, որ Սաակաշվիլին վերցվել է ոստիկանության հսկողության տակ, երբ նա փորձել է մուտք գործել Հունաստանի տարածք և մասնավորապես Սամոս կղզի:
Չիլինգարաշվիլու խոսքերով՝ հունական կողմն իրազեկված է եղել, որ Վրաստանի գլխավոր դատախազությունը դիմել է Ինտերպոլին՝ կապված Սաակաշվիլուն «կարմիր շրջաբերականում» ընդգրկելու հետ, ինչի համար էլ դիմել է վրացական կողմին՝ խնդրելով հաստատել այդ տեղեկատվությունը.
«Մենք ուղարկեցինք հաստատումը, բայց քանի որ պաշտոնապես «կարմիր շրջաբերականով» Սաակաշվիլու հանդեպ չի հայտարարվել հետախուզում, ուստի հույն գործընկերները բաց են թողել նրան:
Մենք տեղյակ ենք, որ Ինտերպոլը սկսել է դիտարկել Սաակաշվիլու միջնորդությունը, սակայն դեռ հայտնի չէ, թե երբ որոշում կընդունվի: Մենք չենք կարող Ինտերպոլին ասել, թե նա երբ պետք է որոշում ընդունի»: