Այցելություն Ուռուցքաբանության ազգային կենտրոն

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը և ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն երեկ  այցելել են  ՀՀ առողջապահության նախարարության Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն, հանդիպեցին բուժանձնակազմին:

Կենտրոնի տնօրեն, ԳԱԱ թղթակից անդամ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայրապետ Գալստյանը հակիրճ ներկայացրեց բուժհաստատության գործունեությունը: Նշվեց, որ կենտրոնի բժշկական ծառայություններից օգտվում է տարեկան մոտ 4500 մարդ, կատարվում է շուրջ 3500 վիրահատություն: Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը կրթական բազա է հանրապետության մասնագետների վերապատրաստման և ԵՊԲՀ-ի ուսանողների գործնական պարապմունքների համար:

Հայաստանի կառավարության և անձամբ իր անունից ջերմորեն շնորհավորելով Հայրապետ Գալստյանին ծննդյան 75-ամյակի կապակցությամբ՝ վարչապետ Աբրահամյանը նշեց. «Ուռուցքաբանության ազգային կենտրոնի պատմությունը մեր երկրում ուռուցքաբանական գիտության պատմությունն է: Այստեղ աշխատել ու գիտական լուրջ հետազոտություններ են կատարել և շարունակում են կատարել անվանի բժիշկ-գիտնականներ: Այս կենտրոնի հետ է կապված, հարգարժան պրոֆեսոր, Ձեր կյանքի ավելի քան կես դարը: Ես բարձր եմ գնահատում Ձեր անձնական ներդրումն ինչպես Հայաստանում ուռուցքաբանության զարգացման, այնպես էլ ոլորտում Ձեր դպրոցը հիմնելու և արժանի հետնորդներ պատրաստելու գործում: Վերջին 12 տարիների ընթացքում ղեկավարելով կենտրոնը՝ Դուք Ձեր անխոնջ աշխատանքի շնորհիվ նոր մակարդակ եք ապահովել գիտական ձեռքբերումները գործնական բժշկության մեջ կիրառելու գործում:

Ձեր գիտական նվաճումները, հարգելի պրոֆեսոր, ճանաչվել են շատ երկրներում: Լինելով Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, մի շարք երկրների գիտությունների ակադեմիաների պատվավոր անդամ, գիտությունների ակադեմիաների միջազգային միության իսկական անդամ՝ Դուք բազմաթիվ պարգևների ու կոչումների եք արժանացել: Դրանցից յուրաքանչյուրը գուցե շատերի համար ողջ կյանքում հպարտանալու առիթ կդառնար, սակայն ոչ Ձեզ համար: Վստահ եմ, որ Հայրապետ Գալստյան բժիշկ գիտնականի համար առավել կարևոր է տասնյակ հազարավոր քաղաքացիների կյանքը: Հարգարժան պրոֆեսոր, Դուք մարդկային այն տեսակին եք պատկանում, որ ինչ ոլորտում էլ լինեիք, նույն պատասխանատվությամբ ու անմնացորդ նվիրումով էիք կատարելու Ձեր աշխատանքը: Որքան մեծ է նման մարդկանց շրջանակը՝ այնքան հզոր է մեր հայրենիքը: Թանկագին պրոֆեսոր, ևս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ ծննդյան կապակցությամբ և մաղթում քաջառողջություն ու մարդկային մեծ երջանկություն»:

Առողջապահության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի, մասնագիտական բարձր պատրաստականության, ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ձեռք բերած հաջողությունների համար Հովիկ Աբրահամյանը Հայրապետ Գալստյանին պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:

Հայրապետ Գալստյանը շնորհակալություն հայտնեց կառավարության ղեկավարին՝ բարձր գնահատանքի համար, և նշեց, որ վարչապետի պարգևը կենտրոնի ողջ անձնակազմի աշխատանքի գնահատականն է: Անվանի պրոֆեսորը վստահեցրեց, որ կենտրոնը հետայսու ևս իր առավելագույն ջանքերը կներդնի հասարակությանը բարձրորակ ծառայություններ մատուցելու գործում:

Շնորհավորելով Հայրապետ Գալստյանին ծննդյան 75-ամյակի կապակցությամբ՝ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշեց.

«Սիրելի ուսուցիչ, ինձ համար մեծ պատիվ է հարազատ օջախում, ուր աշխատել և սովորել եմ Ձեզանից, այսօր շնորհավորանքի խոսք հղել վարչապետի ներկայությամբ: Ձեր բազմամյա գործունեությունը մեծ նպաստ է բերել Հայաստանում ուռուցքաբանության զարգացմանը։ Տասնյակ հազարավոր փրկված, առողջացած մարդիկ երախտիքով են հիշում Ձեր պայծառ անունը։

Դուք ուռուցքաբանների մի ամբողջ սերունդ եք կրթել։ Ձեր ղեկավարության ներքո հաջողությամբ պաշտպանվել են 13 դոկտորական և 42 թեկնածուական ատենախոսություններ»:

ՀՀ Առողջապահության նախարարություն

Տեսանյութեր

Լրահոս