ԱՄՆ-ն ու ԵՄ-ը քննադատել են Իսրայելին` կապված նոր բնակատեղիների կառուցման հետ
Lenta.ru-ի փոխանցմամբ` ԱՄՆ-ն ու ԵՄ-ը դատապարտել են Հորդանան գետի Արևմտյան ափին Իսրայելի կողմից 400 հեկտար հողատարածք զավթելը: Նրանք Իսրայելին կոչ են արել վերանայել նոր բնակատեղիներ կառուցելու մասին որոշումը:
ԵՄ-ի տարածած հայտարարության մեջ նշված է, որ նոր բնակատեղիների կառուցումը խախտում է միջազգային իրավունքը և խոչընդոտում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: ԵՄ-ն ընդգծել է, որ չի ճանաչում սահմանների փոփոխումը, այդ թվում նաև Երուսաղեմին առնչվող:
ԵՄ-ն Իսրայելի իշխանություններին կոչ է արել խուսափել ամեն տեսակ գործողություններից, որոնք Գազայի հատվածում հրադադարի հաստատումից հետո կարող են խաթարել կայունությունը և կառուցողական բանակցությունների հեռանկարը:
Նման պահանջով ճեպազրույցի ժամանակ հանդես է եկել ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջենիֆեր Պսակին: Նա մտահոգություն է հայտնել տարածքներ միացնելու մասին Իսրայելի որոշման կապակցությամբ` ընդգծելով, որ Վաշինգտոնը մշտապես հանդես է եկել նոր բնակատեղիների կառուցման դեմ. «Մենք Իսրայելի կառավարությանը կոչ ենք անում վերանայել տվյալ որոշումը»: