Ամերիկացի լրագրողն իսլամականների կողմից մահապատժի ենթարկվելուց առաջ քննադատել է Օբամային
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` ամերիկացի լրագրող Սթիվեն Սոտլոֆն իսլամականների կողմից մահապատժի ենթարկվելուց առաջ քննադատել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի արտաքին քաղաքականությունը` հայտարարելով, որ Իրաքում տիրող իրավիճակին ԱՄՆ-ի միջամտելու համար ստիպված է վճարել սեփական կյանքով.
«Իրաքում առկա իրավիճակին միջամտելու համար Օբամայի պատրվակը եղել է ամերիկյան շահերի ու ամերիկացիների կյանքի պաշտպանությունը: Եվ ինչո՞ւ եմ ես սեփական կյանքով վճարում ձեր միջամտության համար: Մի՞թե ես ԱՄՆ-ի քաղաքացի չեմ»:
Լրագրողը հիշեցրել է, որ Վաշինգտոնը իսլամականների հետ բախման վրա ծախսել է հարկատուներից հավաքած միլիարդավոր դոլարներ և վճարել է հազարավոր զինվորների կյանքով.
«Ես հիշում եմ, որ ընտրություններում ձեր բոլոր հաղթանակները զերծ չեն եղել մեր զինվորներին Իրաքից ու Աֆղանստանից հետո վերադարձնելու և Գուանտանամոն փակելու խոստումներով: Այժմ, Օբամա’, մոտենում է ձեր նախագահական ժամկետի ավարտը, իսկ վերոթվարկյալից ոչ մի բան չեք արել»:
«Իսլամական պետություն» խմբավորման զինյալները երեկ համացանցում տեղադրել են ամերիկացի լրագրող Սթիվեն Սոթլոֆին մահապատժի ենթարկելու մասին տեսանյութը, որը ստացել է «Ամերիկային երկրորդ դիմումը» անվանումը: Տեսանյութում երևում է, թե ինչպես է դիմակավոր անձը գլխատում նարնջագույն զգեստով Սոթլոֆին:
Նա նաև սպառնում է մահապատժի ենթարկել մյուս պատանդին` բրիտանացի Դևիդ Հեյնսին և մյուս երկրների կառավարություններին կոչ է անում զերծ մնալ «Իսլամական պետության դեմ Ամերիկայի սատանայական դաշինքին» աջակցելուց: