Առաջիկայում շարունակելու ենք ջանքեր գործադրել Թուրքիայի ու Հայաստանի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ. Դավութօղլու
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն երեկ խորհրդարանում ներկայացրել է երկրի 62-րդ կառավարության ծրագիրը, որում անդրադարձ է կատարված նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրին:
Դավութօղլուն հայտարարել է, որ իրենք այդ հարցում շարունակելու են իրենց նախկին մոտեցումը, որ «անհրաժեշտ է վերջ դնել ադրբեջանական տարածքների օկուպացմանը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա լարվածությանը»:
Դավութօղլուն ընդգծել է, որ իրենք առաջիկայում շարունակելու են ջանքեր գործադրել նաև Թուրքիայի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Դավութօղլուն կարևորել է Հայաստանի հետ փոխշահավետ համագործակցությունը:
Դավութօղլուի խոսքերով՝ արդեն իսկ սկսել են իրենց պտուղները տալ «Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան», «Թուրքիա-Իրան-Ադրբեջան» և «Թուրքիա-Ադրբեջան-Թուրքմենստան» եռակողմ մեխանիզմները, որոնք ավելի կզարգացնեն Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի երկրների հետ Թուրքիայի հարաբերությունները և կամրապնդեն վերջին շրջանում ստեղծված Թյուրքական խորհուրդը: