Բաժիններ՝

Փոխվարչապետն այցելել է Լեռնապար և Նիգավան համայնքներ

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր այցելեց Արագածոտնի մարզի Լեռնապար և Նիգավան համայնքներ: Մարզպետ Սարգիս Սահակյանի ուղեկցությամբ փոխվարչապետը եղավ համայնքների դպրոցներում, այնուհետև հանդիպեց բնակիչների հետ:

Լեռնապար համայնքում նոր ուսումնական տարին աշակերտները դիմավորում են նորակառույց դպրոցում, իսկ Նիգավանի դպրոցը դռները բացում է վերանորոգումից հետո: Փոխվարչապետը նախ ներկա գտնվեց Լեռնապարի դպրոցի բացման արարողությանը, Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ շնորհավորեց մանկավարժներին ու դպրոցի սաներին՝ վստահություն հայտնելով, որ նոր պայմանները կնպաստեն ուսումնական գործընթացի արդյունավետության և աշակերտների առաջադիմության բարձրացմանը:
«Մարզերում դպրոցների շենքային պայմանների բերելավման խնդիրը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում: Մենք շարունակելու ենք կրթական ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը և կարևորում ենք, որ մարզերի դպրոցներում նույնպես աշակերտների համար լավագույն պայմաններ ստեղծվեն»,-նշեց փոխվարչապետը: Ըստ նրա՝ վերջին տարիներին իրականացվող մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման հրատապ ծրագրերի հիմնական բաղադրիչը դպրոցաշինությունն է, և ծրագրերով նախատեսված միջոցների մեծ մասն ուղղվում է համայնքներում դպրոցների շենքերի վերանորոգմանը:
Լեռնապարի միջնակարգ դպրոցի նոր շենքի կառուցման համար պետբյուջեից հատկացվել է շուրջ 392 մլն դրամ, դպրոցը նախատեսված է 180 աշակերտի համար: Փոխվարչապետը շրջայց կատարեց շենքում, ծանոթացավ կատարված աշխատանքներին:
Նիգավան համայնքում փոխվարչապետը ներկա գտնվեց վերանորոգված նախակրթարանի բացմանը: Նախակրթարանի և դպրոցի շենքերի վերանորոգումն իրականացվել է պետական և «Փրկեք երեխաներ» բարեգործական կազմակերպության միջոցներով: Մարզերի առաջնահերթ խնդիրների հրատապ ծրագրերով շուրջ 42 մլն դրամ է հատկացվել դպրոցի ուսումնական մասնաշենքի հիմնանորոգման նպատակով, իսկ «Փրկեք երեխաներ» կազմակերպությունը նախակրթարանի, մարզադահլիճի վերանորոգման, սանհանգույցների կառուցման համար 43 մլն դրամ է հատկացրել:
Ա. Գևորգյանը դպրոցում շրջայցից հետո հանդիպեց մանկավարժական կոլեկտիվի հետ: Քննարկվեցին դասարանների կոմպլեկտավորման, ուսումնական գործընթացի կազմակերպման, ինչպես նաև մանկավարժների սոցիալական խնդիրներին առնչվող հարցեր:
Փոխվարչապետը հանդիպեց նաև բնակիչների հետ, լսեց նրանց հուզող խնդիրները: Երկու համայնքներում էլ խնդիրները նմանատիպ էին. բարձրացվեցին մայրուղուց համայնքներ տանող ճանապարհի բարեկարգման, խմելու ջրի մատակարարման, հողօգտագործման հետ կապված հարցեր: Փոխվարչապետը տեղեկացրեց, որ բոլոր այդ խնդիրները կքննարկվեն համապատասխան ոլորտների պատասխանատուների հետ:
Նիգավանում բնակիչները նաև բարձրացրեցին համայնքի վարչական տարածքում գտնվող Ապարանի աղբավայրի տեղափոխման հարցը: Փոխվարչապետը մարզպետին հանձնարարեց Քաղաքաշինության նախարարության և Ապարանի քաղաքապետարանի պատասխանատուների մասնակցությամբ ուսումնասիրել խնդիրը:
Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս