Այսօր ուժի մեջ է մտնում ԵՄ-ի ու Վրաստանի միջև ստորագրված Ասոցացման համաձայնագրի մեծ մասը

Грузия Online-ի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 1-ից սկսում է գործել ԵՄ-ի ու Վրաստանի միջև Ասոցացման համաձայնագրի մեծ մասը: Խոսքը գնում է փաստաթղթի 80 տոկոսի, այդ թվում նաև Խորը և համապարփակ ազատ առևտրի պայմանագրի (DCFTA) մասին:

DCFTA-ն նախատեսում է վրացական գյուղմթերքի ու արդյունաբերական արտադրանքի ազատ մուտք եվրոպական շուկա և անվնաս արտադրանքի մատակարարում տեղական շուկա: Պայմանագրի շրջանակներում վրացական արտադրության գրեթե բոլոր արտադրատեսակները ԵՄ-ի շուկա մատակարարելիս ազատվում են մաքսային սակագնից: Սակայն ամեն դեպքում գործելու են որոշակի սահմանափակումներ:

Վրաստանն ու ԵՄ-ը Ասոցացման համաձայնագիրը Բրյուսելում ստորագրել են ընթացիկ տարվա հունիսի 27-ին: Փաստաթուղթն ամբողջովին գործարկելու համար անհրաժեշտ է, որ այն վավերացնեն Եվրախորհրդարանն ու ԵՄ-ի անդամ բոլոր 28 երկրների խորհրդարանները: Վրաստանի խորհրդարանն այն վավերացրել է հուլիսի 18-ին:  

Տեսանյութեր

Լրահոս