Բաժիններ՝

Արմեն Աշոտյան. Ինքներս զերծ ենք մնում մասսայական կրճատումներից, բայց որոշումները ձերն են, նախարարության վրա չգցեք մարդ ազատելիս

Այսօր առանձնացված ավագ դպրոցների մանկավարժների օգոստոսյան խորհրդակցության ժամանակ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ասաց, որ այս ուսումնական տարվա ընթացքում բոլոր ավագ դպրոցների ուսումնական գույքը կփոխարինվի նոր գույքով. «Մենք կթարմացնենք և՛ լսարանային և՛ ուսուցչական գույքը: Գույքը կմատակարարվի ուսումնական տարվա ընթացքում: Ուսումնական տարվա ընթացքում ձեզ կտրամադրենք էլեկտրոնային լաբորատորիաներ՝ չորս առարկաների գծով՝ ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, մաթեմատիկա»:

Ա.Աշոտյանի խոսքով՝ Համաշխարհային բանկի հետ իրականացվելու է կրթության բարելավման նոր վարկային ծրագիր, որը, թերևս, ուժի մեջ կմտնի մինչև տարեվերջ, որտեղ մեծ ուշադրություն է դարձված հենց ավագ դպրոցների վրա: Նրա խոսքով՝ հատուկ ընտրվել են այն ավագ դպրոցները, որոնք այս ծրագրերի շրջանակներում լիարժեք վերանորոգում և վերազինում են անցնելու:

«Մի կողմից ընտրվել են ամենակարիքավոր դպրոցները, մյուս կողմից՝ փորձել ենք հավասարաչափ բաշխել ծրագրի իրականացումը: Եթե առաջանան խնայողություններ, որի հույսը ես ունեմ, որովհետև շատ խնայողաբար ենք ծախսում ցանկացած գումար, ապա կարող ենք քննարկել մեկ-երկու նոր դպրոցի ներգրավման հարցը: Ծրագրի շրջանակներում կունենանք վերազինված, վերակառուցված 17 ավագ դպրոցներ: Մեր նախագիծն իրականացվելու է դպրոցի շենքի այն հատվածում, որն օգտագործվելու է ուսումնական պրոցեսի կազմակերպման համար, քանի որ մեր դպրոցները շատ մեծ են»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Նախարարը ներկայացրեց հայրենասիրական դաստիարակությանն ուղղված նոր ծրագիրը, որն իրականացվելու է ՊՆ և ԿԳ նախարարությունների և Երկրապահ կամավորական միության միջև նոր համագործակցության շնորհիվ. «Վերջին օգոստոսյան դեպքերը սահմանին, ցույց տվեցին, որ մենք կարիք ունենք նորովի մոտենալ հայրենասիրական դաստիարակության խնդիրներին: Մեր հասարակությունը՝ լրագրողից մինչև զինվոր, դրսևորեց իր հայրենասիրությունն այդ օրերին, բայց այդուհանդերձ մենք նախաձեռնելու ենք նոր ծրագիր, որը պետք է դառնա համահանրապետական նոր պատանեկան ռազմահայրենասիրական կազմակերպություն: Սկսելու ենք մի գործընթաց, որը վերջում պետք է հանգեցնի հայրենասիրական կրթությանը ինստիտուցիոնալ ձև տալու նոր ծրագրին: Եռակողմ հուշագիրը կստորագրվի մոտ ապագայում և այն պարտադիր պետք է կատարեն ոչ միայն ավագ դպրոցները, այլև բոլորը, որովհետև սա պետական ծրագիր է, այլ ոչ գերատեսչական»,- ասաց նա:

Ա. Աշոտյանը զգուշացրեց, որ խիստ կպատժվեն պարտքեր ունեցող ավագ դպրոցները. «Դուք ստանում եք այնքան գումար, ինչքան աշակերտ ունեք: Բնականաբար, ավագ դպրոցների երեխաներն ավելի մեծ չափով են ֆինանսավորվում, քան այլ մակարդակներում սովորող երեխաները: Նախորդ տարի մենք չենք ունեցել պարտքով ավագ դպրոց և այլևս երբեք չպետք է ունենանք: Այն տնօրենը, որը տարին կփակի պարտքով, այլևս չի աշխատի որպես տնօրեն: Ինձ ոչ մի հիմնավորումներ չեն հետաքրքրելու: Եթե կա ահազանգ, ապա այսօրվանից եկեք ահազանգեք նախարարությունում, միասին տեսնենք՝ ինչպես կարող ենք օգնել: Բայց դեկտեմբերի 25-ին ես չտեսնեմ կոմունալ պարտքով, աշխատավարձի պարտքով ավագ դպրոց: Պահեք այնքան աշխատակից, որքան ունեք աշակերտ: Կրճատե՞լ ուսուցիչներին, թե՞ կիսել նրանց ժամերը՝ որոշում եք դուք, հարգելի տնօրեններ, մենք չենք միջամտում: Դուք որոշեք՝ պահում եք մի ուսուցիչ 22 ժամով, մեկ դրույքով, թե՞ կիսում եք այնքան, որ յուրաքանչյուրը մեկ ժամ ունենա:

Կրթության տեսակետից ճիշտ են կրճատումները: Բայց կրթությունը նաև գործատու է, մենք ապրում ենք հասարակության մեջ, որն ունի սոցիալական խնդիրներ և ինքներս զերծ ենք մնում մասսայական կրճատումներից: Բայց որոշումները ձերն են, նախարարության վրա չգցեք մարդ ազատելիս: Ես պահանջելու եմ բացառապես օրենքի կիրառում և արդարամտություն: Եթե ունեք կենսաթոշակային տարիքի մանկավարժներ, ապա բնականաբար պետք է խնդրեք, որ իրենց տեղը զիջեն ավելի երիտասարդ կադրերի:

Բայց, նորից եմ կրկնում ՝ պարտքեր չլինեն: Վերջում փաստի առաջ չկանգնեցնեք, որովհետև անձնական գույքով դատարանին պատասխան եք տալու պետությանը հասցրած վնասի համար: Ինչպես ձեր տան գումարն եք խնայողաբար ծախսում, այդպես ծախսեք պետության և դպրոցի գումարը»,- եզրափակեց Արմեն Աշոտյանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս