Մովսես Գորգիսյանի այրին՝ ամուսնու աճյունը տեղափոխելու մասին. «Այդպիսի թեմա ինձ համար այս պահին գոյություն չունի»
«1990 թվականին Հայրիկյանը Ամերիկայում էր գտնվում: Կարծում եմ՝ այս թեման պետք է փակեք: Ինքը ամեն օր կարող է այդպիսի հայտարարություն անել, որոնց ես չեմ ուզում մասնակից լինել»,- ասաց Մովսես Գորգիսյանի այրին՝ Ռուզան Գորգիսյանը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե արդյո՞ք ճիշտ են Պարույր Հայրիկյանի պնդումները, թե Մովսես Գորգիսյանը «համարյա մակերեսին է հուղարկավորված» Ծիծեռնակաբերդի համալիրում, քանի որ «մտածել են, որ սա ժամանակավոր է»:
Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին կայացած ասուլիսի ժամանակ Պարույր Հայրիկյանն ասել էր, որ հանդիպելու է Հովիկ Աբրահամյանի հետ, որպեսզի ցեղասպանության 100-ամյակի հետ կապված հարցերը քննարկի, մասնավորապես՝ շիրիմները Ծիծեռնակաբերդի համալիրից տեղափոխելու հարցը.
Մովսես Գորգիսյանի աճյունը Կոմիտասի անվան պանթեոն տեղափոխելու վերաբերյալ քննարկումներ անցկացնելու մասին Մովսես Գորգիսյանի այրին՝ Ռուզան Գորգիսյանն այսպես արձագանքեց. «Ոչ, ինձ համար այս պահին նման թեմա գոյություն չունի»:
Նշենք, որ երեկ 168.am-ի հետ զրույցում Պարույր Հայրիկյանը, խոսելով իր՝ Հովիկ Աբրահամյանին ներկայացված առաջարկի մասին, այն է՝ «Եղեռնի հուշարձանի տարածքը «կարգի բերելուն»», ասաց, որ ցեղասպանության 100-ամյակի վերաբերյալ երկու փաստաթուղթ է ընդունվելու: Առաջինը վերաբերում էր նրան, թե ինչպես պետք է ներկայացվի 100 տարի առաջ կատարված իրադարձությունները, երկրորդը՝ վերաբերում է՝ համարժեք դարձնելու գաղափարին»:
Պարույր Հայրիկյանը հավաստիացրեց, որ Հովիկ Աբրահամյանը դրական է արձագանքել իր առաջարկին, և իրենք պայմանավորվել են, որ քննարկումներ կկազմակերպեն: «Նա ոչ միայն ընդունեց, որ դա իսկապես կարևոր է, այլև ասաց, որ քննարկումներ կկազմակերպի, որպեսզի տեսնեն, թե ինչ կարծիքներ կան»,- մեզ հետ զրույցում ասել էր Պարույր Հայրիկյանը:
Ըստ մեր տեղեկությունների՝ Մովսես Գորգիսյանի ընտանիքի հետ բանակցություններ են ընթանում աճյունը տեղափոխելու շուրջ, որպեսզի ստանան ընտանիքի համաձայնությունը: Մեր այն հարցին՝ արդյո՞ք իրենց դիմել են այդ խնդրով, Ռուզան Գորգիսյանը պատասխանեց՝ չեն դիմել: