Բաժիններ՝

«Եզդի ժողովրդին պետք է նաեւ ռազմական օգնություն տրամադրել». Իրաքում ծավալվող ողբերգական իրադարձությունների շուրջ. «Մեդիալաբ»

Հայաստանը՝ որպես ցեղասպանված ժողովրդի պետություն պետք է առավել ակտիվ ու հետեւողական լինի Իրաքի եզդիների խնդրով, մինչդեռ Հայաստանի իշխանությունների գործողություններն այս հարցում բավարար չեն: «Մեդիալաբի» հետ զրույցում նման կարծիք է հայտնում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

«Իհարկե, Հայաստանի կառավարության եւ հատկապես արտգործնախարարության գործողություններն անբավարար եմ գնահատում ստեղծված իրավիճակում, որովհետեւ մենք որպես պետություն, որը ներկայացված է ՄԱԿ-ում, պետք է խնդիրը դիվանագիտական խողովակներով բարձրացնի միջազգային ատյաններում»,-«Մեդիալաբին» ասում է Զարուհի Փոստանջյանը:

Հիշեցնենք, որ եզդի ժողովրդի համար օրհասական իրավիճակ է ստեղծվել Իրաքի հյուսիսում: Իսլամիստ ծայրահեղականները զանգվածաբար չնչացնում են իրաքաբնակ էթնիկ և կրոնական փոքրամասնություններին, որոնց մեծ մասը եզդի ազգաբնակչությունն է:

ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը շատ կարեւոր է համարում Հայաստանի եւ ԼՂ հանրապետությունների արձագանքը:

Նրա խոսքով, այն, ինչ տեղի է ունենում Իրաքի եզդիների հետ, ծանրագույն հանցագործություն է ոչ միայն եզդի ժողովրդի, այլեւ ողջ մարդկության նկատմամբ:

«Հայաստանի Հանրապետությունը ճիշտ է արել, որ իր նեղ միջոցներից գումար է հատկացրել եզդի ժողովրդին: Շատ կարեւոր է, որ մենք լինենք մի ժողովրդի կողքին, որը կրում է այնպիսի զրկանքեր, որը մենք էինք կրում հարյուր տարի առաջ: Իհարկե, մենք աշխարհի հզոր պետություններին չենք պատկանում որ կարողանանք այնտեղ զինված ուժեր ուղարկել, բայց այն, ինչ անում ենք, կարծում եմ, կնկատվի եւ կգնահատվի»,- «Մեդիալաբին» ասում է Ռուբեն Սաֆրաստայանը:

Ինչ վերաբերվում է դիվանագիտական խողովակներով խնդիրն առաջ տանելուն, Ռուբեն Սաֆրաստայնաը կարծում է, որ Հայաստանն այս հարցում պետք է գործի մեծ պետությունների հետ միասին:

«Պարզ է, որ Հայաստանի Հանրապետությունը միայնակ ոչինչ անել չի կարող, գուցե ուշադրություն հրավիրենք այս կոտորածի վրա»,-նշում է նա՝ հավելելով, որ մարդկությունը պետք է հասկանա, որ եթե չի դատապարտվել հարյուր տարի առաջ տեղի ունեցած առաջին ու ամենակազմակերպված ցեղասպանությունը, մենք պետք է պատրաստ լինենք, որ նման հանցագործություններ ը կկրկնվեն եւ այսօր, եւ վաղը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս