Վրաստանի վարչապետը ԱԺ-ում էր
Օգոստոսի 22-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը, ԱԺ պատգամավորներ, երկու երկրների դեսպանները:
ԱԺ տարածած հաղորդագրության համաձայն՝ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ողջունելով հյուրերին Ազգային ժողովում, նշեց, որ այս այցը եւս մեկ անգամ ապացուցում է երկու երկրների՝ բազմակողմանի համագործակցության ամրապնդմանն ու ընդլայնմանն ուղղված պատրաստակամությունը:
ՀՀ ԱԺ նախագահը հայ-վրացական հարաբերությունների զարգացման գործում կարեւորեց Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների դերը եւ համագործակցությունը միջազգային կառույցներում:
Ըստ ԱԺ նախագահի՝ երկու երկրները պետք է ավելի ակտիվ համագործակցեն, նախագծեն ու իրականացնեն համատեղ նոր ծրագրեր: Անդրադառնալով հայ-վրացական բազմադարյան բարեկամությանը՝ Գալուստ Սահակյանը նշեց, որ հաջորդ տարի լրանում է Հայոց ցեղասպանության ոգեկոչման հարյուրամյա տարելիցը, եւ պատմության դասերը չեն առնչվում միայն հայ ժողովրդին, այլ վերաբերում են նաեւ մյուս ժողովուրդներին: Հայոց ցեղասպանության դատապարտումն ու ճանաչումը կարեւոր նշանակություն ունի մարդկության դեմ հանցագործությունները կանխարգելելու հարցում:
Ըստ հաղորդագրության՝ ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ Հայաստանը շահագրգռված է Հարավային Կովկասում տեւական խաղաղության, կայունության հաստատման եւ տարածաշրջանային անվտանգությանն ուղղված նոր պայմանների ստեղծման հարցում: Գալուստ Սահակյանը նշեց, որ Հայաստանը հետամուտ է ղարաբաղյան հակամարտության՝ խաղաղ ճանապարհով կարգավորմանը եւ կարեւորում է վստահության մթնոլորտի հաստատումը տարածաշրջանում:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ողջունելով ՀՀ ԱԺ նախագահին եւ ներկաներին, նշեց, որ վրացական պատվիրակության այցի նպատակն է առավել զարգացնել հարեւան երկրի հետ բարիդրացիական հարաբերությունները եւ նպաստել տնտեսական, մշակութային կապերի ամրապնդմանը: Նա կարեւորեց Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների համագործակցության խորացմանն ուղղված քայլերը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: