Բաժիններ՝

Քաղաքապետարանը չի կանխում դպրոցի բյուջեն վատնելու շարունակական փաստը

«Սույն պատմությունն այն մասին է, թե ինչպես որևէ դպրոցին կրթության
համար հատկացված պետական միջոցները օրինական ճանապարհով կարող են վատնվել և որևէ պատասխանատու պաշտոնյա չի փորձում կանխել այս օրինական թվացող վնասակար գործընթացը: Որոշ դպրոցների ինքնասիրահարված տնօրեններ անօրեն ազատված ուսուցիչների օգտին կայացվող դատավճիռներն անընդհատ բողոքարկելու ճանապարհով պարզապես վատնում են կրթության համար նախատեսված գումարները՝ ստիպված լինելով վճարել հարկադիր պարապուրդի համար:
Ասելիքիս համար որպես ակնառու օրինակ է ծառայում կրկին Երևանի թ.27
հիմնական դպրոցի նախկին տնօրենի կողմից աշխատանքից անօրեն կերպով
ազատված հայոց լեզվի և գրականության ուսուցչուհու և սոցաշխատողի կողմից
դատարան դիմելն ու վերականգնման մասին դատավճիռները:

Երկու դեպքում էլ դատական գործերն անցել են դատական բոլոր աստիճաններով
և ի վերջո դատավճռով թ.27 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ը պետք է վճարի հարկադիր
պարապուրդները: Սոց աշխատողի դեպքում այդ գումարը 1.4 միլիոնի կարգի է,
իսկ լեզվի ուսուցչու պարագայում վերջին դատավճիռն ուժի մեջ մտնելու է
22.08.2014թ.-ից և դատավճռով հարկադիր պարապուրդը դպրոցը պետք է
հաշվարկի 29.03.2013 թվականից մինչև աշխատանքի վերականգնվելու օրը, որը
նույնպես բավականին կլորիկ գումար է լինելու:

Նշեմ նաև, որ այս ուսուցչուհին դեռևս 2012 թվականի դեկտեմբերի դատարանի որոշմամբ պետք է վերականգնվեր աշխատանքի և նրան պետք է վճարվեր հարկադիր պարապուրդի գումար 01.01.2013-28.03.2013 ժամանակահատվածի համար, որը վճարվել է, սակայն վերականգնելու հրամանի փոխարեն դպրոցի նախկին տնօրենը նոր
հրամանով ուսուցչուհուն կրկին ազատում է աշխատանքից ժամ չունենալու
հիմնավորմամբ այն դեպքում, երբ հենց այդ ընթացքում՝ 2013թ. փետրվարի 1-ին
լեզվի և գրականության ուսուցիչ է նշանակում մեկին, ում կրթությունը չի
համապատասխանում մանկավարժական գործունեությանը:

Բնականաբար այս փաստը բացահայտվելուց հետո ազատում է վերոնշյալ ուսուցչուհուն ու նշանակում ուսուցչի թափուր տեղի համար մրցույթ, որը նշանակվում է 2013թ. դեկտեմբերի 26-ին, երբ դատարանը նույն օրն արդեն կայացրել էր անօրեն կերպով աշխատանքից ազատված ուսուցչուհու վերականգման մասին մի որոշում ևս:

Նշեմ, որ մրցույթի արդյունքում աշխատանքային պայմանագիր է կնքվում ոչ թե մեկ, այլ
երկու ուսուցիչների հետ: 2013թ. դեկտեմբերի 26-ի դատավճիռը նույնպես
բողոքարկվում է դպրոցի տնօրենի արդեն ժամանակավոր պաշտոնակատարի կողմից,
որովհետև նախկին տնօրենի նկատմամբ հարուցված քրեական գործի արդյունքում
կասեցվել էր նրա հետ կնքված աշխատանքային պայմանագիրը: Փաստորեն տնօրենի
ժամանակավոր պաշտոնակատարի ձեռագիրը ոչնչով չտարբերվեց նախկին տնօրենի
աշխատանքային ձեռագրից, այսինքն փաստորեն դատապարտված նախկին տնօրենը
շարունակում է պաշտոնավարել մինչ օրս, նամանավանդ եթե հայտնի դառնա, որ նա
կրկին բողոքարկել է վերջին՝ 21.07.2014թ. դատավճիռը, որն ուժի մեջ է մտել
22.08.2014թվականին:

Մազաչափ չեմ կասկածում, որ այս բողոքարկման արդյունքում ևս դատավճիռը
լինելու է ի օգուտ ուսուցչուհու, սա նշանակում է, որ հարկադիր պարապուրդի
գումարներն ավելի են աճելու՝ ի վնաս դպրոցի բյուջեի: Արդյունքում, արդեն
դատապարտված նախկին տնօրենի կամակորության հետևանքով տուժում է դպրոցի
բյուջեն, այնտեղ աշխատող ուսուցիչները, իսկ դպրոցի լիազոր պետական
մարմինը՝ Երևանի քաղաքապետարանը ոչ մի ձևով չի կանխում այս ամենը,
ժամանակավոր պաշտոնակատարին չի սանձում ասելով, որ բավական է ենթարկվես
նախկին տնօրենին, դու պետք է առաջնորդվես դպրոցի շահերով, պետք է կատարես
դատարանի վերջին վճիռն ու վերականգնես անօրեն ազատված ուսուցչուհուն,
որպեսզի հարկադիր պարապուրդի վճարները չաճեն: Ի վերջո, եթե տարեվերջին
պարզվի, որ դպրոցի բյուջեն պակասորդ ունի, դա գլխացավանք է հենց
քաղաքապետարանի համար:

Ավելացնեմ որ ժամանակավոր պաշտոնակատարն արդեն աշխատանքից ազատել է դպրոցի 63 տարին օրերս լրացած, կրթությամբ միակ լոգոպեդին, բայց պահում է 74
տարեկան գրադարանավարին, ով նախկին տնօրենի մայրն է և չունի համապատասխան կրթություն, ինչպես նաև թոշակի տարիքը բավականին առաջացած տարբեր ուսուցիչներ:

Սա կրթության համար նախատեսված պետբյուջեն անարդյունավետ ծախսելու
ընդամենը մեկ օրինակ է, այսպիսիք, ցավոք շատ են, որն ի ցույց եմ դնում
պատկան պաշտոնյաներին ասելու, որ դուք պարտավոր եք վերահսկել և
պաշտպանել մեր երեխաների կրթության համար նախատեսված գումարների
արդյունավետ ծախսելու գործընթացը, բացահայտել ու կանխել այս
ուղղությամբ ցանկացած ոտնձգություն:

Իսկ այն, ինչ այսօր կատարվում է վերոնշյալ դպրոցի բյուջեի հետ, լիազոր
պետական մարմնի կողմից կամ թողտվության կամ անզորության ու
անտարբերության տպավորություն է թողնում»:

Անահիտ Բախշյան
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս