Բաժիններ՝

Առաջարկվում է հողօգտագործողներին մեկ տարով ազատել հողի հարկից ու վարձավճարից

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի մոտ այսօր հրավիրվել է խորհրդակցություն, որտեղ շրջվարչակազմերի ղեկավարների, գյուղնախարարի և «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամի գլխավոր տնօրենի մասնակցությամբ քննարկվել են կառավարության որոշման նախագծեր և գյուղատնտեսության խնդիրներին առնչվող հարցեր:

Խորհրդակցության մասնակիցները նախ քննարկել են շրջանային հանրակրթական և երաժշտական դպրոցների իրավական կարգավիճակի հարցը: Նախագծերով առաջարկվում է հանրակրթական դպրոցները միավորել «Հանրակրթական դպրոցների միություն» ՊՈԱԿ-ի մեջ, իսկ երաժշտական դպրոցները` վերակազմակերպել արվեստի դպրոցների: Յուրաքանչյուր շրջանում մեկ կամ երկու ՊՈԱԿ-ի առկայությունը, Ա. Հարությունյանի համոզմամբ, բավարար է կառավարումն արդյունավետ կազմակերպելու համար:

2014թ. բերքահավաքի իրավիճակի և 2015թ. բերքի կազմակերպման վերաբերյալ մի քանի հարցեր խորհրդակցությանը ներկայացվել են որոշման նախագծերի տեսքով: Դրանցով առաջարկվում է կարկտահարությունից 50 տոկոսից ավելի տուժած հողատերերին տրամադրել գարի. Աջակցության ընդհանուր չափը կազմում է ավելի քան 52 մլն դրամ: Լրիվ ոչնչացված գարնանացան մշակաբույսերի ցանքատարածություններում սև ցել կատարելու նպատակով հողամշակին կտրամադրվի 1 հա-ին 40 հազար դրամ նյութական աջակցություն: «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամի կողմից հողօգտագործողներին կտրամադրվի անհատույց սերմացու` կրկնացանքս կատարելու նպատակով: Մոտ 10 մլն դրամի պետական աջակցություն կստանան նաև բնական աղետներից տուժած խաղողայգիների տերերը` 1 հա-ի դիմաց 100 հազարական դրամի չափով:

Որոշման նախագծով առաջարկվում է 1 տարով հողի հարկից և վարձավճարից ազատել համայնքային և պետական պահուստային ֆոնդերի հողօգտագործողներին:

Խորհրդակցությանը քննարկվել են նաև փոխառության կարգով տրամադրվելիք դիզվառելիքի վերաբերյալ հարցեր: Առաջարկ է հնչեցվել աջակցություն ցուցաբերել ոչ միայն համայնքային հողերի տերերին ու վարձակալներին, այլ նաև պետպահուստում գտնվող տարածքների ոչ խոշոր հողամշակներին: Ըստ վարչապետի՝ դիզվառելիքի գինը սուբսիդավորվելու է շուրջ 100 դրամով, իսկ հողատերն ինքն է ընտրելու դիզվառելիքի տեսակն ու մատակարարող ձեռնարկությունը: Անդրադառնալով աշնանացանի աշխատանքների համար տրամադրվելիք աջակցությանը՝ առաջարկվել է համայնքային հողերի մշակողներին փոխառություն տալ մեկ հեկտարին 100 հազարական դրամի չափով՝ սերմացուի և գյուղտեխնիկայի ծախսերը հոգալու նպատակով: Վարչապետը, բավարար չհամարելով պատասխանատու մարմինների աշխատանքը, հանձնարարել է գյուղատնտեսության նախարարությանը բարձրացնել հողամշակների շրջանում բացատրական և ուսուցողական աշխատանքների արդյունավետությունը:

ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս