Մարզերում և Երևանում կանցկացվեն ուսուցիչների և տնօրենների խորհրդակցություններ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով հաստատվել է 2014-2015 ուսումնական տարվա մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությունների ժամանակացույցը: Համաձայն հրամանի՝ օգոստոսի 26-30-ը, ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ հանրակրթական դպրոցների ուսուցիչների և տնօրենների հետ կրթական գործընթացին առնչվող կազմակերպական և մեթոդական խնդիրները քննարկելու նպատակով, հանրապետության մարզերում և մայրաքաղաք Երևանում կանցկացվեն ուսուցիչների և տնօրենների խորհրդակցություններ:

ԿԳ նախարարության փոխանցմամբ՝ հանրակրթական դպրոցների տնօրենների և ուսուցիչների հետ հանդիպելու, խորհրդակցություններին մասնակցելու, տեղում իրավիճակին ծանոթանալու և առկա խնդիրների վերաբերյալ առաջարկություններ մշակելու նպատակով կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով մարզեր կգործուղվեն կրթության և գիտության նախարարի տեղակալներ Մ.Մկրտչյանը, Կ. Հարությունյանը և ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Ն. Հովհաննիսյանը:
Նախարար Արմեն Աշոտյանն օգոստոսի 27-ին ներկա կլինի ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայության ուսումնական հաստատությունների տնօրենների խորհրդակցությանը, օգոստոսի 28 -ին կայցելի Շիրակի, 29-ին՝ Լոռու, իսկ 30-ին Տավուշի մարզեր՝ մասնակցելու մարզային խորհրդակցություններին:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի նույն հրամանով մարզերում առարկայական սեկցիոն պարապմունքների կազմակերպումը հանձնարարվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության ազգային ինստիտուտի մասնաճյուղերի մասնագետներին:

Տեսանյութեր

Լրահոս