«Թուրքիային ոստիկանի կարգավիճակ և դեր է հատկացվում առաջադեմ հանրության կողմից»
«Էրդողանը շատ զգալի սատարում ստացավ Արևմուտքից: Բայց հաշվի առնենք, որ Արևմուտքը վերջին շրջանում խնդրում էր նրան զենքով մտնել Սիրիա և լուծել խնդիրները: Դրա մեջ շատ մեծ վտանգ կա մեզ համար, քանի որ Թուրքիային ոստիկանի կարգավիճակ և դեր է հատկացվում առաջադեմ հանրության կողմից: Ինչից հետո նա մտավ Սիրիա և սատարեց այն 10 հազարանոց կորպուսին, որը քշեց հայերին Քեսաբից: Եվ, այդ ոստիկանական պարտքը, չնայած այն հանգամանքին, որ կասեցվել է Ռուսաստանի՝ Պուտինի կողմից հայտարարությամբ, որ թուրքական որևէ զինվորի մտնելը Սիրիա, իրենք գնահատելու են որպես օտար զինվորների մուտք Մոսկվա, և պատասխանը լինելու է համապատասխան»,- ասաց 4-րդ գումարման Ազգային Ժողովի պատգամավոր Վարդան Խաչատրյանը այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում:
«Բայց, չնայած սրան՝ Թուրքիան գնաց, և դեռ ավելին՝ ընտրություններից առաջ Էրդողանը հայտարարեց, որ ինքը չի շփվում Ամերիկայի նախագահի հետ, որովհետև Սիրիայի հարցերում Ամերիկայի նախագահը այն մակարդակի վրա չգտնվեց, որ Թուրքիան մաքսիմալ կերպով կարողանա իր ակտիվացիան դրսևորել: Այս տեսակետից, իհարկե, ոստիկանի կարգավիճակ ընձեռել Թուրքիային, այն էլ այն պայմանններում, երբ վերելքը եղել է այդ ոստիկանական գործողությունը, երբ թուրքական կողմը սատարել է այդ մարդկանց»,- նշեց նախկին պատգամավորը:
Վարդան Խաչատրյանի համոզմամբ՝ քեսաբահայերի տեղահանման հարցում իր մեղքի բաժինն ունի նաև Հայաստանը: Այդ ժամանակ, ըստ նրա՝ հայերը պետք է կարողանային առաջացնել համաշխարհային մեծ ալիք: Պետք է հետաքննվեր այն հարցը, թե ինչպես է ՆԱՏՕ-ի անդամ երկրի մեջ 10 հազար մարդ հավաքվել, ստեղծել զինվորական զորաբաժանումներ, «ինչպես նաև ստացել օգնություն, զենք, սահմանի վրա հակաօդային պաշտպանության սատարում է ստացել, և այդ ամենը դիտվում է որպես սովորական երևույթ, որ մարդիկ եկել են, կռվել են և հայերին քշել են Քեսաբից»:
Վարդան Խաչատրյանը հայտարարեց, որ հայերի համար մեծ վտանգ է ներկայացնում այն փաստը, որ այժմ Թուրքիան նախագահելու է Էրդողանը. «Այսպիսին է Էրդողանը. վտանգը նրանում է, որ այո՛, այսօր էլ Եվրոպան կարող է պահպանել այդ երկրի ոստիկանական կարգավիճակը: Եվ, պարբերաբար, Թուրքիան իր հակահայկական գործունեության մեջ այս դիրքից և կարգավիճակից կարող է օգտվել: Եթե անձնավորությունը, որն այս ամենը մինչև հիմա արել է, այսօր ավելի մեծ իշխանություն ունի, Թուրքիայում ռեֆորմատիվ հնարավորությունների մի զգալի բաժին է ձեռքը վերցնում, մեզ համար այստեղ մտահոգիչ շատ բան կա»: