Լյուբիկ Չիբուխչյանին հետևո՞ւմ են
tesankyun.am-ը գրում է. Տավուշի մարզպետի նախկին խորհրդական, իջեւանցի բանաստեղծ Լյուբիկ Չիբուխչյանը հայտնեց, որ ինքը վախենում է իր եւ իր հարազատների կյանքի համար, քանզի երեկոները առանց պետհամարանիշների ավտոմեքենաներ են կանգնում իր տան դիմաց, որտեղից հետեւում են իրեն:
Նա ասաց, որ դա երեւի կապված է լրագրողներից մեկին տված հարցազրույցում իր այն խոսքերի հետ, որ ինքը հատելու է սահմանը եւ գնալու է Ղազախ: Նա ասաց,որ իր արխիվից հանել է 3 տարեկանում իր ստեղծած հայերեն 2 հատ այբուբենը, որոնցից մեկը 27,մյուսը 60 տառ է պարունակում: Չիբուխչյանի խոսքերով՝ ինքն արդեն 210 գիրք ունի հրատարակած: Նշենք, որ Լյուբիկ Չիբուխչյանը արժանացել է « ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ» կոչման եւ ոսկե մեդալի, Հայաստանի գրողների միության անդամ է:
Լ. Չիբուխչյանը 1996-98թվականներին Տավուշի մարզպետարանում աշխատել է որպես մասնագետ, 2002-2008թվականներին եղել է մարզպետի օգնականը, 2008թ. հունիսին՝ նշանակվել մարզպետի խորհրդական: 2014թ. հունիսի 6-ին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը Չիբուխչյանին ազատել է մարզպետի խորհրդականի պաշտոնից:
Որպես որոշման հիմք նշվում է Լ. Չիբուխչյանի անձնական դիմումը: Մինչ Իլհամ Ալիեւից քաղաքական ապաստան խնդրելու մասին հայտարարելը, Լյուբիկը հունիսի 6-ին բաց նամակ է հղել Սերժ Սարգսյանին: