Արտոնություններ Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներին. «Ազատություն»

Ազգային ժողովի իշխանական և ընդդիմադիր վեց խմբակցությունները պատրաստվում են Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչներին արտոնություններ տալու առաջարկների փաթեթ ներկայացնել Կառավարությանը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց խորհրդարանի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:

Նման համաձայնություն ձեռք է բերվել Տավուշի մարզ վերջին այցի ժամանակ: Վեց խմբակցություններից մեկական ներկայացուցիչներ խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանի և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ օգոստոսի 16-ին էին մեկնել դիրքեր ու սահմանամերձ գյուղեր:

«Հանդիպեցինք զինվորների, հրամանատարական կազմի հետ: Կար իսկապես ոգևորություն, և այդ ոգևորությունը գիտակցված էր այն առումով, որ սահմանին կանգնած զինվորն էր ոգևորված, վստահ իր ուժին: Դրական կարելի է արձանագրել ամեն ինչ», – ասաց Հակոբյանը:

«Նաև այս անգամ մենք հանդիպեցինք համայնքների ներկայացուցիչների հետ, համայնքներում հանդիպումներ ունեցանք: Արձանագրել ենք որոշ առաջարկություններ, որոնք ի մի կբերվեն, և առաջիկայում մենք՝ վեց քաղաքական ուժերս միասին կներկայացնենք այդ առաջարկությունները Կառավարությանը», – նշեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը:

Խոսքը, ըստ նրա, այն մասին է, որ «ի վերջո այդ սահմանամերձ, սահմանապահ համայնքները, գյուղերը պետք է ունենան որոշակի արտոնություն, որովհետև, ըստ էության, նրանք նույնպես զինվոր են, նրանք են պաշտպանում սահմանները»:

Հարցին, թե կոնկրետ ինչ արտոնությունների կարիք այսօր ունեն այդ գյուղերը, Ռուբիկ Հակոբյանը պատասխանեց․

– «Գիտեք, եթե վերցնենք՝ այդքան մեծ ֆինանս չի պահանջում, որ, չգիտեմ, այնտեղ մոտ քսան գյուղեր են, որոնք ազատվեն կոմունալ բոլոր վճարներից: Մեր միջին հաշվարկով՝ մեկ միլիոն դոլարի սահմաններում կարելի է այդ հարցը լուծել՝ ես նկատի ունեմ ջրի վարձ, հոսանքի վարձ և այլն: Օրինակ՝ Բարեկամավան համայնքը, որտեղ մենք նույնպես ներկա եղանք, բավականին լուրջ սոցիալական, կենցաղային խնդիր է առաջացել, և, ցավոք, պետք է արձանագրել, օրինակ, այս տարի ինչքան գիտեմ մեկ առաջին դասարանի աշակերտ ունեն՝ այն դեպքում, որ տարիներ առաջ ունեին առնվազն երեսուն աշակերտներ»:

«Այսինքն՝ այդ պայմաններից ելնելով նաև արտագաղթում են», – այս դիտարկմանը «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը արձագանքեց․ – «Անշուշտ, անշուշտ: Նախ, մի կողմից, սոցիալ-տնտեսական այդ ծանր պայմաններն են, մյուս կողմից՝ սահմանամերձ գյուղ է ի վերջո, սահմանապահ գյուղ է»:

Մանրամասներն՝ այստեղ

Տեսանյութեր

Լրահոս