Մանկապարտեզներին քիմիական նյութերով մշակված հավի միս մատակարարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
Նոր Նորք վարչական շրջանի թվով 3 մանկապարտեզներին քիմիական նյութերով մշակված հավի միս մատակարարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. քննություն է տարվում՝ մեղավոր անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ.
Անհատ ձեռներեց Էդ.Մխիթարյանի կողմից Երեւան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի թիվ 101, 116 և 118 մանկապարտեզներին քիմիական նյութերով մշակված հավի միս մատակարարելու դեպքի առթիվ Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ:
Քննություն է կատարվում` պարզելու հավի մսի ձեռքբերման աղբյուրը, նախնական որակը, քիմիական նյութերով մշակված ապրանքի իրական ծավալները, մանկապարտեզներին հավի միս մատակարարելու համար Երեւանի քաղաքապետարանի կողմից հայտարարված մրցույթի եւ դրա արդյունքներով Էդ.Մխիթարյանին հաղթող ճանաչելու հանգամանքները։
Բացի այդ, ստուգվում է նշված անհատ ձեռներեցի կողմից օգտագործման համար ոչ պիտանի թռչնամիսն այլ հաստատություններ, սննդի օբյեկտներ, խանութներ առաքելու, ինչպես նաեւ` հարկային պարտավորություններից խուսափելու հավանականությունը:
Քրեական գործի շրջանակներում նշանակվում են համալիր ստուգումներ և փորձաքննություններ:
Վարույթն իրականացնող մարմինը մշակել է աշխատանքային վարկածներ՝ քննության բազմակողմանիությունն ու ամբողջականությունն ապահովելու համար։
Միջոցներ են ձեռնարկվում` մեղավոր անձանց շրջանակը պարզելու եւ նրանց գործողություններին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։
ՀՀ քննչական կոմիտե
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: