Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ 5 միլիոն դոլարի դիմաց հողերը հանձնելու մասին լուրերի վերաբերյալ

«Անհեթեթություն են այդ խոսակցությունները և նետվել են տեղեկատվական դաշտ Ադրբեջանի տեղեկատվական քարոզչական շահերը սպասարկող ռուսական մի գործակալության կողմից, որն այդ գործն անում է արդեն տարիներ շարունակ»,- ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ խոսելով այն տեղեկության մասին, թե իբր Հայաստանի հետ փորձում են 5 միլիոն դոլարի դիմաց հողերը հանձնելու բանակցություններ են սկսեն:

Նա նկատեց, որ փորձագիտական դաշտում բոլորի են հայտնի ռուսական «Кавполит» (http://kavpolit.com/)-ի և «Politrus» (http://www.politrus.com/en)-ի քարոզչական աշխատանքի ուղղվածությունը, նրանց ղեկավարի շփումները (գործնական, անձնական և այլն) Ադրբեջանի իշխանությունների հետ: «Այսինքն՝ պարզ է, որ Ադրբեջանն այս պահին փորձում է տեղեկատվական դաշտում ինչ-որ շեղող գործիքներ ստեղծել և մարդկանց ուշադրությունը կենտրոնացնել դրա վրա: Դա միանշանակ անհեթեթ առաջարկ է, հատկապես հիմա, երբ փաստացի երկիրը կանգնած է պատերազմի առջև, և հայ հասարակությունն իր միասնականությամբ ցույց տվեց, որ պատրաստ է այդ պատերազմի մեջ մտնելու և իր շահերը պաշտպանելու: Ինչ-որ գումարային խնդիրներ են դաշտ բերում և դաշտում մեկնաբանության թեմա սարքում»,- ասաց նա:

Ըստ քաղաքագետի՝ սա վերաբերում է ոչ թե Ռուսաստանին, այլ՝ ռուսական մի կայքի, որովհետև նման կայքեր Ռուսաստանում, ըստ նրա՝ շատ կան. «Եվ ավելի շատ մեր ներքին խնդիրն է, որ ամեն անհեթեթության նման արձագանք ենք տալիս և սկսում ենք լուրջ քննարկել: Իմ կարծիքով՝ տեղեկատվական այդ քարոզչական նյութերը, որոնք դաշտ են նետվում, պետք է ընդամենը շրջանցել և պետք է հնարավորինս գործընթացը պահել կարևոր և նշանակություն ունեցող կետերի և քարոզչական թեզերի շրջանակում»:

Հարցին, թե ինչպե՞ս է նա գնահատում այս շրջանում հայաստանյան տեղեկատվական դաշտը, նա ասաց. «Միսանականությունը բոլոր շերտերում էր, անգամ քաղաքական ընդդիմադիր կուսակցությունները՝ և՛ խորհրդարանական, և՛ արտախորհրդարանական, տեսանք, որ արտաքին վտանգի պարագայում բավական արագ կոնսոլիդացվեցին: Դա եղավ թե՛ քաղաքական դաշտում, թե՛ հասարակական ընկալումների, թե՛ լրատվական դաշտում: Սա այն գործոններից մեկն էր, որն Ադրբեջանին հասկացնել տվեց, որ ռազմական գործողություններով իրավիճակ փոխել չի կարելի»:

Ըստ քաղաքագետի՝ ադրբեջանցիներն այնքան էին երկար ժամանակ քարոզել, որ Հայաստանում սոված մարդիկ մեռնում են, պետք է ամեն ինչից հիասթափված փախնեն, որ իրենք հավատացել էին իրենց քարոզչությանը. «Եվ երբ տեսավ հասարակության կոնսոլիդացված մոտեցումը, միասնական հակադարձը, Ադրբեջանը հասկացավ, որ հայկական հասարակությունը, ի տարբերություն ադրբեջանական հասարակության, պատերազմին պատրաստ է, և տեսավ դա նաև ռազմական ուժի գերակայության, հասարակական միասնականության և լրատվական տեղեկատվական գործունեության տեսակետից: Այս գործողությունների համընդհանւր հայտարարը դարձավ այն, որ հասկացան, որ Ադրբեջանն այսօր հայկական պետությունների դեմ որևէ առումով ռազմական գործողությունների պատրաստ չէ»:

 

Տեսանյութեր

Լրահոս