Մաքսային միությունը գործո՞ւմ է. «Առավոտ»

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը գրում է. «Ի՞նչ է, ձեր կարծիքով, նշանակում, «մաքսային միություն»: Ընդհանրապես, դա մի կառույց է, որը ենթադրում է միասնական տնտեսական տարածք՝ առանց մաքսակետերի:

Զուտ տեսականորեն դա լավ բան է՝ երկրների միջեւ ապրանքների ազատ շրջանառության, համագործակցության առումով:

Այս՝ «ռուսաստանյան» Մաքսային միությունում ամեն ինչ այլ երանգ է ստանում, որովհետեւ այդ միության նախաձեռնողի մոտ քաղաքական շարժառիթները գերակայում են տնտեսականներին: Ռուսաստանի եւ Արեւմուտքի հարաբերությունների սրման ֆոնի վրա այդ զուտ տնտեսական բաղադրիչի նշանակությունը մեծանում է: Չկարողանալով Ուկրաինայի հարցում համաձայնության գալ՝ նրանք սկսեցին իրար դեմ պատժամիջոցներ կիրառել:

Առաջին քայլն արեց Արեւմուտքը: Արդեն առիթ եմ ունեցել գրելու, որ դրա արդյունավետությունը շատ ցածր կլինի. եթե հեռահար նպատակը Պուտինի ռեժիմը տապալելն է կամ Ռուսաստանը քանդելը, ապա դա չի ստացվի:

Այդ երկիրը ռեսուրսներ ունի թեեւ վատ, աղքատ, աշխարհից կտրված, տեխնոլոգիական ոչ մի առաջընթաց չունենալով՝ գոյատեւել տասնամյակներ շարունակ (օրինակ՝ 70 տարի)՝ մշտապես կոնֆլիկտներ հրահրելով եւ սեփական քաղաքացիների ուղեղները լվանալով «միջազգային դավադրության» եւ «պաշարված ամրոցի» հոգեբանությամբ: Բայց Ռուսաստանի պատասխան՝ «պարենային» պատժամիջոցներն ավելի անհեթեթ են:

Նախ՝ մի բան է, երբ «պատժվում են» Կրեմլին մոտ կանգնած բիզնեսները եւ պաշտոնյաները, ինչպես որ դա անում է Արեւմուտքը: Մեկ այլ բան, երբ դու արգելում ես սննդի մուտքը քո երկիր՝ այսպես թե այնպես զրկելով քո քաղաքացիներին ինչ-որ ապրանքներից: Սակայն մի կողմ թողնենք բարոյական կողմը եւ հարցին նայենք զուտ պրագմատիկ տեսանկյունից:

Արեւմտյան սնունդը ռուսաստանյան մաքսակետերով չի՞ անցնում: Շատ լավ: Բայց Ղազախստանի եւ Բելառուսի մաքսակետերով անցնում է, չէ՞: Եվ այդ երկրները հայտարարել են, որ «պարենային պատժամիջոցներին» չեն միանում: Իսկ ղազախ-ռուսաստանյան կամ բելառուս-ռուսաստանյան սահմանին մաքսակետ, որքան հասկանում եմ, չկա: Ի՞նչը պիտի խանգարի նույն այդ ապրանքները ղազախական կամ բելառուսական փաթեթավորմամբ բերել եւ վաճառել Ռուսաստանում»:

Ամբողջությամբ կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս