«Արցախը նախևառաջ պետք է բանակցային սեղանի շուրջ տեղ զբաղեցնի, առանց դրա հարցը թեկուզ մասնակի լուծում չի կարող ստանալ». ԳԱԼԱ

«Այս պահի դրությամբ ընդամենը դրական կարելի է համարել հանդիպումը. դրական այն առումով, որ կողմերն իրենց կարծիքն են արտահայտել խաղաղ ճանապարհով հարցը լուծելու ուղղությամբ, դա է ամենամեծ ձեռքբերումը, իսկ արդյունավետության առումով ամեն ինչ ժամանակը ցույց կտա»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում Սարգսյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպման վերաբերյալ իր դիրքորոշումն այսպես ներկայացրեց Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը:

Սակայն նա միաժամանակ գտնում է, որ բանակցային սեղանի շուրջ Ադրբեջանի նախագահի արած հայտարարությունները հիմք ընդունել պետք չէ, քանի որ սահմանին հակառակորդի գործողությունները բոլորովին այլ բան են փաստում. «Հիմք ընդունել Ալիևի ասածնե՞րը… ուղղակի Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ կողմերն արտահայտվել են խաղաղ կարգավորմամբ հարցը լուծելու: ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում Արցախն ունի իր դիրքորոշումը, միայն թե դրանք արցախյան կողմը պատրաստ է ներկայացնելու բանակցային սեղանի շուրջ»,- գտնում է Արցախի վարչապետը:

Մեզ հետ զրույցում Արայիկ Հարությունյանն անդրադարձավ նաև Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որ հակամարտությունը պետք է լուծվի փոխզիջման տարբերակով: Թե ինչ ի նկատի ունի Սերժ Սարգսյանը փոխզիջում ասելով, ԼՂՀ կառավարության ղեկավարին հայտնի չէ, փոխարենը նա նշում է, թե ինչ էլ որ որոշվի, լինելու է բացառապես ժողովրդի համաձայնությամբ: Իսկ մինչ փոխզիջումների մասին խոսելը Արայիկ Հարությունյանը գտնում է, որ Արցախը նախևառաջ պետք է բանակցային սեղանի շուրջ տեղ զբաղեցնի, առանց դրա հարցը թեկուզ մասնակի լուծում չի կարող ստանալ. «Մենք չենք ստացել, թե փոխզիջումային ինչ տարբերակ է առաջարկվելու Արցախին: Եթե Արցախը չնստի բանակցային սեղանի շուրջ, նշանակում է այդ հարցի կարգավորումը չի լինելու, հարցի կարգավորումը միայն Արցախի մասնակցությամբ է հնարավոր: Ես չգիտեմ երեկ կոնկրետ ինչ է խոսվել, բայց առանց Արցախի մասնակցության որևէ բան հնարավոր չէ: Իսկ փոխզիջումային տարբերակ, չեմ կարող ասել հողային, թե ընդհանուր փոխզիջումային, ժամանակը ցույց կտա: Մենք պարբերաբար արտահայտվել ենք, որ այս հարցը ոչ Ղարաբաղի վարչապետի, նախագահի, կամ Հայաստանի վարչապետի, ԱԺ նախագահի կամ նախագահի իրավասությունների շրջանակներում չի, ցանկացած տարբերակ, որը կընդունվի իշխանությունների կողմից, վերջում ժողովրդի հավանությանը կարժանանա»,- նշեց նա:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս