ԵՄ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի հայտարարությունը Հյուսիսային Իրաքում ստեղծված օրհասական իրավիճակի կապակցությամբ
Եվրամիության Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի (ԱլԳ ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմն իր խորը մտահոգությունն է հայտնում Հյուսիսային Իրաքի Շանգալ շրջանի եզդի բնակչության եւ կրոնական մյուս փոքրամասնությունների օրհասական վիճակի կապակցությամբ:
Տարածաշրջանի բնակչությունը, փաստորեն, կանգնած է հումանիտար աղետի շեմին: Իրեն «Իրաքի ու Լեւանտի իսլամական պետություն» (ISIS) հորջորջող ահաբեկչական կազմակերպությունն անցել է եզդի բնակչության զանգվածային տեղահանության եւ բնաջնջման։ Հարյուր հազարավոր իրաքցիներ, որոնց մեծ մասը՝ կրոնական փոքրամասնություններ, լքել են Շանգալ մարզի հարավային հատվածում գտնվող իրենց բնակավայրերը: Իսկ շուրջ 70.000-ը բարձրացել են Շանգալի լեռները, որտեղ այժմ տառապում են ջրի եւ սննդի պակասից: Արդեն հարյուրավոր մարդիկ, այդ թվում կանայք եւ երեխաներ մահացել են: Օրերս հայտնի դարձավ, որ շուրջ 500 եզդի կանանց իսլամիստները առեւանգել են եւ տարել անհայտ ուղղությամբ:
Այս իրավիճակը հղի է ընդլայնման եւ է՛լ ավելի վատթարացման վտանգով, այն լրջագույն սպառնալիք է ամբողջ տարածաշրջանի, ներառյալ Հարավային Կովկասի համար:
Մենք մեր զորակցությունն ենք հայտնում Հյուսիսային Իրաքի խաղաղ բնակչությանը եւ չենք կարող անտարբեր դիտել, թե ինչ են անում ահաբեկիչները նրանց հետ: Կոչ ենք անում Հայաստանի քաղաքական եւ քաղաքացիական կառույցներին՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնել Հյուսիսային Իրաքի կրոնական փոքրամասնությունների բնաջնջման դեմ: Հայաստանի Հանրապետությանը, որի քաղաքացիներ են տասնյակ հազարավոր եզդիներ, պարտավոր է իր հստակ պաշտոնական դիրքորոշումն արտահայտել նշված ահաբեկչական գործողությունների նկատմամբ:
Ակնկալում ենք, որ Եվրամիությունը, ԵՄ անդամ երկրներն ու Արեւելյան գործընկերության երկրները բոլոր հնարավոր եղանակներով անհապաղ մարդասիրական օգնություն կցուցաբերեն Հյուսիսային Իրաքի բնակչությանը: Կոչ ենք անում ՄԱԿ-ին՝ անհրաժեշտության դեպքում խաղաղապահ գործողություններ նախաձեռնել Շանգալի տարածաշրջանում՝ տեղի բնակչությանը հումանիտար աղետից փրկելու նպատակով:
ԵՄ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմ
11 օգոստոսի, 2014թ., ք. Երեւան